ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը նոր զեկույց է ներկայացրել
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին վերաբերող զեկույց, որը վերնագրված է «Հետընտրական միջանկյալ զեկույց»:
Վեց էջից բաղկացած փաստաթղթում անդրադարձ է կատարված քվեարկության օրվան հաջորդած շրջանում տեղի ունեցած զարգացումներին: Մասնավորապես, դիտորդական առաքելությունն ամփոփման մեջ նշել է, որ փետրվարի 19-ին «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց ընտրությունների նախնական արդյունքները` ընդգծելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է առաջին փուլով: Երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկեց արդյունքները և պնդեց, որ ընտրություններում հաղթել է ինքը»:
Դիտորդները նշել են, որ «փետրվարի 20-ից սկսած պարոն Հովհաննիսյանը բողոքի ակցիաներ կազմակերպեց Երևանում ու մարզերում, որին միացան որոշ ընդդիմադիր կուսակցություններ և գործիչներ»: Ըստ զեկույցի` այդ «հավաքները խաղաղ էին և իշխանությունները չեն միջամտում, սակայն ոստիկանությունը հայտարարեց, որ դրանք ապօրինի են և կարող են հանգեցնել վարչական պատասխանատվության»:
Անդրադառնալով ընտրությունների արդյունքների վիճարկման խնդրին` դիտորդները տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ վերահաշվարկի և ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 132 դիմում է եղել տեղամասային հանձնաժողովներում` «գրեթե բոլորը տրված պ-ն Հովհաննիսյանի կողմից, որոնք սակայն հիմնականում մերժվել են` այն հիմքով, որ դիմողները նման դիմում ներկայացնելու իրավունք չունեին»: Զեկույցի հեղինակները նշել են, որ Ընտրական հանձնաժողովի կողմից երեք տեղամասերում նախաձեռնված վերահաշվարկի արդյունքում ձայների քանակը նախնական հաշվարկից չնչին շեղում է տվել:
Զեկույցում նշվում է, որ փետրվարի 25-ին ԿԸՀ-ն միաձայն ընդունել է ընտրությունների արդյունքների մասին ամփոփիչ արձանագրությունը, ըստ որի «պարոն Սարգսյանը հայտարարվեց հաղթող` 58.6 տոկոս ձայներով: Պարոն Հովհաննիսյանը ստացել էր ձայների 36.7 տոկոսը»:
Զեկույցի հեղինակները նշել են, որ իրենց առաքելության կողմից «պաշտոնական արդյունքների վերլուծությունը վկայում է գործող նախագահի օգտին ստացած ձայների և շատ բարձր մասնակցության ցուցանիշների միջև փոխկապակցվածությունը»: «Սա մտահոգություն է առաջ բերում ընտրական գործընթացի ամբողջականության նկատմամբ»,- նշել են զեկույցի հեղինակները:
Նրանք նաև փաստել են, որ «Ընտրական հանձնաժողովներում քվեարկության օրը տրվել է սահմանափակ թվով բողոքներ, և ավելի քան 80-ը` ընտրություններից հետո: Դրանցից գրեթե բոլորը մերժվել են»: Անդրադառնալով իրավախախտումներին և դրանց հետաքննությանը` դիտորդները նշել են, որ «Ոստիկանությունն ու դատախազությունն ուսումնասիրել են ավելի քան 300 հնարավոր իրավախախտումներ և դրանցից մոտ 10-ի դեպքում հարուցել են քրեական գործեր»:
Տեղեկատվական դաշտի վերաբերյալ գնահատականներում դիտորդները նշել են` «Որոշ հեռարձակող ԶԼՄ-ներ հետընտրական շրջանում քաղաքական իրադարձությունների լուսաբանման ընտրանքային մոտեցում են դրսևորել` ընտրությունների անցկացման վերաբերյալ քննադատական կարծիքների սահմանափակման նկատելի միտումով: Մի շարք ինտերնետ ԶԼՄ-ներ ներկայացնում են բազմազան կարծիքներ»: