Ա.Իսկանդարյան. Հայաստանի նախագահական ընտրություններին բողոքի ալիքը բնորոշ է
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը ամենևին էլ անձերով չի պայմանավորված. կարծում եմ ցանկացած նախագահ, որ ընտրվել է կամ դեռ ընտրվի, վարելու էր նույն արտաքին քաղաքականությունը»,- Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` նշելով, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը պայմանավորված է իր աշխարհագրական դիրքով, և Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանում Հայաստանի համար ուղղակի անփոխարինելի է:
Ա.Իսկանդարյանը ավելացրեց նաև, որ նույնպես կարելի է ասել, որ Հայաստանի դերակատարումն էլ Կովկասում ՌԴ-ի համար անփոխարինելի է:
Անդրադառնալով բողոքի ալիքին, Ա.Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանի նախագահական ընտրություններին դա բնորոշ է, հատկապես, երբ գործող նախագահը մասնակցում է ընտրություններին և երկրորդ ժամկետի համար է պայքարում: Ինքը, օրինակ, շատ «նախագահների» է հիշում, ովքեր չէին համաձայնվում ընտրությունների արդյունքների հետ և բողոքի ակցիաներ անցկացնում. «Այո, երկրում առկա է բողոքի ալիք: Րաֆֆին համախմբել է իր շուրջ բողոքավոր էլեկտորատը, բայց այդ էլեկտորատը ամբողջությամբ իրենը չի... բայց եղավ այն, ինչ եղավ` ընտրությունները կայացան այնպես, ինչպես կայացան: Սակայն հեռանկարները հստակ տեսանելի են` առաջիկա հինգ տարիներին Հայաստանը ձգտելու է հասնել Ռուսաստանի, Եվրոպայի և Իրանի հետ փոխհարաբերությունների մեծացման»,- հավելեց Կովկաս ինստիտուտի տնօրենը: