Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակներում ցուցադրվելու է 9 ֆիլմ
Երևանում մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը: Փառատոնի բացմանը` մարտի 2-ին, «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսատեսին ներկայացվել է Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոն-ստուդիայի դերասանների փոքրիկ էտյուդներ, որից հետո կայացել է փառատոնի առաջին ֆիլմի՝ «Ակվարիում»-ի ցուցադրությունը: Անդրեա Արնոլդի այս ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում և BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հռչակել է 2013 թվականը Միջազգային ջրային համագործակցության տարի: Պայմանավորված վերը նշվածով Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնին ներկայացված ֆիլմերը անդրադառնում են ջրային թեմային:
«ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ:
«Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի հնարավորություն է հայ հանդիաստեսին ներկայացնելու բրիտանական կինոարվեստի լավագույն նմուշները: Կինոարվեստն այն ազդեցիկ և տպավորիչ միջոցն է, որը թույլ է տալիս ներկայացնել ժամանակակից աշխարհի առջև կանգնած մարտահրավերների լուծման բրիտանացի ռեժիսորների մեկնաբանությունները»,-ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
«Որպես Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունը աջակցում է մշակութային և բնապահպանական ծրագրերին: Մենք հաճույքով ընդունեցինք Բրիտանական խորհրդի առաջարկը և դարձանք փառատոնի գլխավոր գործընկեր: Ջրային պաշարների հետ կապված մտահոգությունները բավականին լուրջ քննարկվում են ամբողջ աշխարհում և այն արդիական է նաև Հայաստանում: Մենք բոլորս շատ ենք սիրում մեր երկիրը և հոգ ենք տանում շրջակա միջավայրի հանդեպ, իսկ այս փառատոնը հնարավորություն է ընձեռում մեզ այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում: Կարծում եմ շատ կարևոր է, որ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով զբաղվեն ոչ միայն մասնագիտացված կազմակերպություններ, այլ նաև մշակույթի ներկայացուցիչները»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Փառատոնի շրջանակում «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում կցուցադրվի բրիտանացի կինոգործիչների կողմից ստեղծված 9 ֆիլմ: Մարտի 2-ից մարտի 7-ը ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում ժամը 16:00-ին և 18:00-ին, իսկ մարտի 8-ից մարտի 10-ը «Նաիրի» կինոթատրոնում` ժամը 14:30 և 16:30: Մուտքն ազատ է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում