ՊՆ-ն ՄԻՊ զեկույցի մասին. Նկատվում է մասնավոր դեպքերի ընդհանրացման միտում
Այսօր ՄԻՊ աշխատակազմից տեղեկացրել էին, որ «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ամենամյա զեկույցը արդեն պատրաստ է և որ այսօրվանից հանրությանը կներկայացվեն այդ զեկույցի առանձին հատվածներ, որոնք ներառում են կոնկրետ ոլորտներում առկա լրջագույն հիմնախնդիրները»:
Առաջինը հրապարակվել է ՄԻՊ զեկույցի պաշտպանության նախարարության գործունեությանը նվիրված հատվածը:
Պաշտպանության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին հետևյալը.
«Ի աջակցություն ՀՀ ՊՆ-ն ողջունելի է համարում Մարդու իրավունքների պաշտպանի հետևողական աշխատանքը ոլորտում առկա թերացումները վերհանելու ուղղությամբ: Դրանց դեմ պայքարը հանդիսանում է ՊՆ ամենօրյա աշխատանքը:
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում կան ընդհանրական բնույթի որակումներ, որոնց հետ կարելի է համաձայնել և չհամաձայնել միաժամանակ: Զեկույցում առկա են իրավական ակտերի ոչ միանշանակ մեկնաբանություններ, որոնք չեն կարող ապահովել իրական վիճակի օբյեկտիվ ու բազմակողմանի վերլուծություն: Նկատվում է մասնավոր դեպքերի ընդհանրացման միտում, կամ զինվորականի էթիկայի կանոնների խախտման դեպքերը ներկայացվում են որպես մարդու իրավունքների խախտումներ: Կարծում ենք, որ այս բացթողումները կարող են հանդիսանալ ոլորտում աշխատանքի փորձի պակասի արդյունք, որի լրացմանն է ուղղված լինելու ՊՆ և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև արդեն իսկ սկիզբ առած արդյունավետ և կառուցողական համագործակցությունը:
Եվս մեկ անգամ փաստում ենք, որ մենք մեծապես կարևորում ենք և շարունակելու ենք ՄԻՊ-ի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ սկիզբ առած արդյունավետ համագործակցությունը»: