Է.Շարմազանով. Արցախի միակողմանի ճանաչումը, ինչն այսօր պնդում է Րաֆֆի Հովհաննիսյանը, փակուղի կարող է տանել
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ, վերջիններիս խնդրանքով անդրադառնալով Լիտվայի խորհրդարանի 9 պատգամավորների՝ Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությանը:
Ըստ Է.Շարմազանովի` դա խիզախ քայլ էր հատկապես ադրբեջանական կեղծ քարոզչության ֆոնին, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Եվրոպայի՝ առողջ ձգտումներով քաղաքական գործիչները կարևորում են ինքնորոշման ճանապարհը բռնած ժողովուրդների ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Նրա գնահատմամբ՝ Լիտվայի ժողովուրդը ու նրա քաղաքական գործիչները միշտ էլ աչքի են ընկել քաղաքացիական կեցվածքով և անտարբեր չեն եղել ազատության համար պայքարող ժողովուրդների ճակատագրի հանդեպ. ԱԺ փոխնախագահը Լիտվայի խորհրդարանում Արցախի հետ պատգամավորական բարեկամական խմբի ստեղծումն ու դրա հետ կապված հայտարարությունը ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին լուրջ քայլ է համարում:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ ուսանողները նաև հարցեր են ուղղել փոխնախագահին, մասնավորապես` Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու համար ի՞նչ սկզբունքներ են կարևոր: Պատասխանելով հարցին Է.Շարմազանովը նկատել է, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս են նշել, որ Արցախի ժողովրդի ճակատագիրն ինքը պետք է տնօրինի և ինքն էլ որոշի, թե ինչպես է ուզում ապրել: Երկրորդ կարևոր հարցն էլ այն է, որ Արցախը պետք է բանակցային կողմ ճանաչվի, առանց որի հնարավոր չէ պատկերացնել առաջին սկզբունքը, իսկ բացի այս` Ադրբեջանը պետք է դադարեցնի իր ռասիստական քաղաքականությունը, սթափ գնահատի ստեղծված իրավիճակը և իրատես լինի, ինչի համար միջազգային հանրությունն ավելի հետևողական պետք է լինի.
«Այնինչ Ադրբեջանը շարունակում է կառչել տարածքային ամբողջականության սկզբունքից՝ անտեսելով Արցախի ժողովրդի՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը: Այս ճանապարհին մենք իրավունք չունենք արկածախնդրության դիմելու , ներկա պահին Արցախի միակողմանի ճանաչումը, ինչն այսօր պնդում է Րաֆֆի Հովհաննիսյանը, փակուղի կարող է տանել: Ես անընդունելի եմ համարում այս խնդրի շահարկումը, բայց և կտրականապես դեմ եմ արցախյան խնդրի անվան տակ երկրի ներսում առկա թերությունները կոծկելուն: Ներքին քաղաքականության մեջ կարող են անհամաձայնություններ լինել, բայց արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես արցախյան խնդրում իշխանություններն ու ընդդիմությունը պարտավոր են միասնաբար գործել»,- ընդգծել է Է. Շարմազանովը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որոնք են արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի առաջնահերթությունները, ԱԺ փոխնախագահը նկատել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ոչ թե «կամ, կամ», այլ «և, և» սկզբունքով՝ հիմքում դնելով ազգային-պետական շահը: Ըստ նրա` Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, որի հետ մեր երկիրը անվտանգության ոլորտում սերտ հարաբերություններ է հաստատել: Արտաքին սպառնալիքներ ունեցող Հայաստանի համար դա ճիշտ ճանապարհն է, բայց չի խանգարում ՆԱՏՕ-ի հետ նույնպես լուրջ համագործակցություն ծավալելուն.
«Մենք անկախ պետություն ենք, և մեր պետական շահից ելնելով՝ գործակցում ենք թե՛ եվրոպական երկրների, թե՛ ԱՄՆ-ի, թե ԱՊՀ և թե՛ աշխարհի շատ ու շատ երկրների հետ», -հավելել է նա:
ԱԺ փոխնախագահը ուսանողների խնդրանքով անդրադարձել է նաև հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին՝ տեղեկացնելով, որ այդ խնդիրը ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակում է: Իսկ ինչ վերաբերում է Իրանի նկատմամբ արևմուտքի պատժամիջոցներին և այն հարցին, թե արդյո՞ք դրանք չեն վնասում հայ-իրանական հարաբերություններին, Է.Շարմազանովը նկատել է, որ Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն է որդեգրել նաև այս հարաբերություններում.
«Իրանը մեր երկրի կարևոր գործընկեր հարևաններից մեկն է, և Հայաստանը նրա հետ տարածաշրջանային, ինչպես նաև տնտեսական լուրջ շահեր ունի և շահագրգռված է խնդրի խաղաղ հանգուցալուծմամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան