Սփյուռքահայ ուսանողների ամենամեծ խնդիրն այսօր բարձր վարձավճարներն են. «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ»-ի նախագահ
Այսօր Հայաստանի բուհերում սովորում է 4309 սփյուռքահայ ուսանող մոտ 37 երկրներից: Սփյուռքահայ ուսանողների թվով առաջին տեղում Վրաստանն է, հիմնականում ջավախահայությունը (2026 ուսանող), որին հաջորդում է Ռուսաստանը (1422), Սիրիան (251), Իրանը (221):
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ»-ի նախագահ Սամվել Մկոյանը, սփյուռքահայերը հիմնականում նախընտրում են սովորել Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, այնուհետև՝ ԵՊՀ-ում, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում և Երևանի Ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանում:
Խոսելով սփյուռքահայ ուսանողների խնդիրներից, Ս. Մկոյանը առանձնացրեց վարձավճարների խնդիրը: Ըստ նրա՝ ի տարբերություն տեղացի ուսանողների, սփյուռքահայ ուսանողները 30 տոկոսով ավելի են վճարում: «Թեև այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվել են, մասնավորապես, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել, որի համաձայն՝ ԼՂՀ-ի և Ջավախքի հայազգի ուսանողների համար արգելվում է ավելի բարձր վարձավճար գանձել, սակայն այլ երկրների հայազգի ուսանողների համար վարձավճարները դեռևս բարձր են: Հիմա այս ուղղությամբ աշխատում ենք և փորձում ենք հարցին լուծում տալ»,- ասաց Ս.Մկոյանը:
Նա նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը Ազգային ժողովում բարձրացրել է սփյուռքահայ ուսանողների ուսման վարձավճարները ՀՀ քաղաքացիների ուսման վարձավճարներին հավասարեցնելու հարցը:
Ս.Մկոյանի խոսքերով՝ սփյուռքահայ ուսանողները զրկված են նաև մրցութային կրթության իրավունքից. եթե հայաստանցի ուսանողները կարող են գերազանց սովորել և անցնել անվճար համակարգին, ապա սփյուռքահայ ուսանողների համար չկա զեղչային համակարգ, որը ևս լուրջ խոչընդոտ է:
Ինչ վերաբերում է սիրիահայ ուսանողներին, Ս.Մկոյանը հայտնեց, որ նրանք ունեն բնակարանային խնդիրներ, սակայն թե Սփյուռքի, թե կրթության և գիտության նախարարությունները փորձում են այդ հարցում հնարավորինս աջակցել նրանց, մասնավորապես, հնարավորության սահմաններում առաջնահերթության կարգով ուսանողական հանրակացարաններում տեղեր են տրամադրվում սիրիահայ ուսանողներին, բացի այդ՝ տարբեր կազմակերպություններն օգնում են սիրիահայ ուսանողներին վճարել բնակարանի վարձերը: Ինչ վերաբերում է ուսման վարձավճարիներին, ապա ԿԳ նախարարի հրամանով նախապատրաստական ֆակուլտետների վարձավճարները հաշվարկվում են 50 տոկոսի չափով, իսկ բակալավրիատում սովորող սիրիահայերի համար ուսման վարձավճարներն արդեն հավասարեցվել են: Մոտ 40 մլն դրամի չափով էլ, ըստ Ս.Մկոյանի, սիրիահայ ուսանողների վարձավճարը փոխանցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա