Սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված շտապօգնության կանչերը շատացել են
Վերջին օրերին սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված շտապօգնության ծառայության կանչերը շատացել են: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Նա նշեց, որ օրինակ՝ մարտի 3-ին ժամը 9-ից մինչև այսօր առավոտյան ժամը 9-ը, 802 կանչ է սպասարկվել, 122 մարդ էլ հոսպիտալացվել է: «Չեմ կարող ասել, թե նախորդ տարի նույն ժամանակահատվածում որքան կանչ ենք սպասարկել, բայց վերջին օրերին գրեթե 400-ով ավելի կանչ է գրանցվել: Մեր կանչերը հիմնականում կապված են սրտային հիվանդությունների հետ, բայց սուր շնչառական հիվանդությունների պատճառով կանչերի թիվը սարսափելի մեծ է»,- ասաց նա:
Թ.Ստեփանյանը նշեց նաև, որ մարտի 1-ին Երևանում գրանցվել է 709 կանչ, որի արդյունքում 137 մարդ հոսպիտալացվել է, մարտի 2-ին գրանցվել է 745 կանչ՝ հոսպիտալացվել է 109 մարդ:
Այդուհանդերձ, նա նշեց, որ լինում են նաև բավականին անարդյունավետ կանչեր: Թ.Ստեփանյանի խոսքերով՝ կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում դիմել բժշկի և պարբերաբար շտապօգնություն են կանչում: Լինում են դեպքեր, երբ մեկ մարդուն շտապօգնությունը օրվա մեջ սպասարկում է 3-4 անգամ: «Դրա փոխարեն նրանք կարող են դիմել ընտանեկան բժշկին, որպեսզի համապատասխան բուժում ստանան, բայց լինում են նաև դեպքեր, երբ դիմում են ընտանեկան բժշկին, բայց դրանից հետո կանչում են նաև շտապօգնություն, որպեսզի շտապօգնության բժիշկը ևս ստուգի թոքերը, իսկ հետո հրաժարվում են հիվանդանոց տեղափոխվել: Սա լուրջ խնդիր է, հատկապես հիմա, երբ սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված կանչերի թիվը մեծացել է»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա