Իրանցի գեներալ. Թավրիզի «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմի ծախսերի 60 տոկոսը ԻՀՊԿ-ն է կատարում
Թավրիզի «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմի ծախսերի 60 տոկոսը Իրանի իսլամանական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) է կատարում:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻՀՊԿ-ի «Աշուրա» ուժերի հրամանատար, գեներալ Ալի Աքբար Փուրջամշիդիանը:
Իրանցի գեներալը նշել է, որ մինչ այժմ ԻՀՊԿ-ն ավելի քան 20 միլիարդ ռիալ գումար է հատկացրել Թավրիզի ֆուտբոլային թիմի մարզական գույք և այլ միջոցներ ձեռք բերելու համար:
Գեներալ Փուրջամշիդիանը, գովաբանելով Թավրիզի ֆուտբոլային թիմը, նշել է, որ ԻՀՊԿ հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ալի Ջաաֆարին ևս իր համակողմանի աջակցությունն է ցուցաբերում «Թրաքթորսազի»-ին:
Հիշեցնենք, որ օրերս Արևելյան Ատրպատականում (Արևելյան Ազարբայջան) Թավրիզի «Թրաքթորսազի» և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-ջազիրա» ֆուտբոլային թիմերի խաղի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում անջատողական բովանդակությամբ պաստառ է բարձրացրվել, որտեղ նշված է եղել «Ազարբայջանը Իրան չէ» նախադասությունը»:
Իրանական «ջավանօնլայն.իռ» կայքը, անդրադառնալով վերոնշյալ միջադեպին, մասնավորապես գրել էր. «Այն, որ Թավրիզի թիմը 3-1 հաշվով հաղթանակ է տանում Էմիրությունների թիմին, դա ողջ Իրանի հաղթանակն է, և հաշիվը գրանցվում է ողջ Իրանի անվանը: Սակայն ֆուտբոլային հավաքի ժամանակ սակավաթիվ մարդկանց մի խումբ անջատողական բովանդակությամբ պաստառ է բարձրացրել, որտեղ նշված է եղել «Ազարբայջանը Իրան չէ» նախադասությունը»:
Իրանական կայքի վերլուծաբանը, եզրափակելով թեման՝ մասնավորապես նշել է. «Այդպիսի անջատողական խմբավորումները պետք է իմանան, որ հաջողության չեն հասնելու. Թավրիզը և նրա թիմը, պատկանել, պատկանում և պատկանելու են Իրանին»:
Հավելենք նաև, որ իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը, օրերս անդրադառնալով իրանցի թյուրքախոս ազարիների խնդիրները որոշ ուժերի կողմից շահարկելու փաստին, մասնավորապես նշել էր. «Որոշ երկրներ փորձում են իրանցի երիտասարդների շրջանում պառակտություններ մտցնել, սակայն նրանք թող չկարծեն, որ դա իրենց կհաջողվի: Օրինակ Թուրքիայի դեսպանը կարմիր շապիկով և Թուրքիայի դրոշով ներկայանում է Թավրիզի «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմի խաղերին և երկրպագում այդ թիմին»: