Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին այդքան չէին քվեարկի, եթե լինեին այլ թեկնածուներ. Կ.Զատուլին
«Անցած ընտրություններում մեծ ինտրիգ չկար, նաև Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխման ենթատեքստում: Ես համոզված եմ, որ իրականությունն այն է, որ ով էլ ընտրվեր` պետք է հաշվի առնվեր հայ-ռուսական հարաբերությունները: Մենք դաշնակիցներ ենք շատ ոլորտներում` տնտեսական, մշակութային և այլն, նաև դաշնակիցներ ենք ՀԱՊԿ-ի շրջանակում, իսկ սա խոսուն փաստ է»,-Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ, ամփոփելով նախագահական ընտրությունների արդյունքները հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով, ինտրիգ այդուհանդերձ եղավ, երբ մահափորձ իրականացվեց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ, որը որոշ անձիք անգամ անեկդոտային իրավիճակ որակեցին: Իսկ բացի այդ, գուցե դեռ վաղ է արդյունքները ամփոփել, քանի որ թեկնածուներից մեկը շարունակում է պնդել, որ հենց ինքն է ընտրված նախագահը.
«Կարծում եմ Հայաստանում հիմա ներքաղաքական պաուզա է տիրում, որը պետք է լրացվի ուժերի միջև ակտիվ երկխոսությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանը չէր սպասում ու չէր էլ կարող ակնկալել այն արդյունքը, որ եղավ, երբ Ր.Հովհաննիսյանի օգտին քվեարկեց այդքան շատ քաղաքացի: Սակայն նրանք չէին քվեարկի հենց իր օգտին, եթե լինեին այլ թեկնածուներ` սա իմ կարծիքն է: Այսօր Սերժ Սարգսյանից ու նրա ղեկավարած կուսակցությունից է կախված, թե ինչպես իրավիճակը կավարտվի»,- նշեց Կ.Զատուլինը:
Ի դեպ, Զատուլինը հիշատակեց Րաֆֆի Հովհաննիսյանի կապը ԱՄՆ-ի հետ և նշեց, որ հաշվի առնելով նրա ամերիկյան խոր կապերն ու արմատները, Րաֆֆին ավելի շատ պրոարևմտյան ուղղություն ունեցող թեկնածու էր.
«Նա, կարծեմ, պատրաստվում է վարչապետ նշանակել, քանի որ համարում է իրեն ընտրված նախագահ, մի մարդու, ով ապրում է այն կողմերում»:
Կ.Զատուլինը շեշտեց` Ռուսաստանը հանդիսանում է ՀՀ-ում խաղաղության կողմնակիցը, առանց ցնցումների ներքաղաքական իրավիճակի ամրապնդմանը. «Մենք հետաքրքրված ենք, որպեսզի ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ և խաղաղ հանգուցալուծում ստանա»,- ընդգծեց նա ու հավելեց, որ Ռուսաստանի լավ հարաբերությունները Ադրբեջանի հետ, որոնց մասին շատ է ակնարկվում, ձեռնտու են նաև Հայաստանին, քանի որ դա յուրատիպ զսպվածության երաշխիք է հանդիսանում գոյություն ունեցող դժվարին իրավիճակում: