Ն.Զոհրաբյան. Հանկարծ որևէ մեկը չմտածի, որ ԲՀԿ-ն վախենում է խորհրդարանական նոր ընտրություններից
Արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանը» որոշում չունի, որովհետև հարցը կուսակցությունում չի քննարկվել.
«Այո, «Ժառանգության» կողմից առաջարկ եղել է, բայց քանի որ այն հնչել է միայն այսօր, ապա խնդիրը պետք է փոխանցեմ կուսակցության քաղաքական խորհուրդ»,- ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած խորհրդակցությունից հետո Panorama.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նշենք, որ Panorama.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն տեղեկացրել էր, որ «Ժառանգության» և ՀՅԴ կողմից ԱԺ արտահերթ նիստի համար ներկայացված օրակարգին Հանրապետական խմբակցությունը դեմ էր արտահայտվել, հաջորդ քայլը մնում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ խորհրդակցել` ստորագրահավաքի կազմակերպման վերաբերյալ:
Նա տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն կողմ է ցանկացած հարց քննարկելու, բայց, ինչպես կրկնեց Ն.Զոհրաբյանը, այս պահին նա իր անունից չի կարող հայտարարություններ անել այն պարզ պատճառով, որ կուսակցության քաղաքական խորհրդում հարցը չի քննարկվել.
«Ես կարծում եմ, որ միշտ էլ կարելի է գտնել փոզիջումային եզրեր քաղաքական միասնական օրակարգ ձևավորելու և բարեփոխումները, որ այսօր իրապես անհրաժեշտ են մեր երկրում, առաջ մղելու համար»:
Ն.Զոհրաբյանը նշեց նաև, որ կուսակցության համար ընդունելի է «Ժառանգության» և ՀՅԴ ներկայացրած այն օրակարգը, որ իրենք ներկայացրել են ու մասնավորապես այն դրույթները, որոնք վերաբերում են Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցումը, ընդդիմության ներկայացուցիչներին վերահսկողական մարմիններում ղեկավար գործառույթներ և լծակներ տալուն.
«Այդ ամենը մեզ համար ընդունելի է և մենք պետք է փորձենք քննարկումները շարունակել խորհրդարանում և գտնել համագործակցության եզրեր»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ի համար խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու առաջ քաշված պահանջը շարունակում է մնալ ոչ այնքան ընդունելի, Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց.
«Հանկարծ որևէ մեկը չմտածի, որ մենք վախենում ենք խորհրդարանական ընտրություններից` բացարձակապես նման բան չկա: Եթե մենք գործող Ընտրական օրենսգրքով, մեծամասնական 41 ընտրատեղերով գնալու ենք խորհրդարանական նոր ընտրությունների, ապա որևէ բան չի փոխվելու: Եթե փոփոխվի Ընտրական օրենսգիրքը, եթե անցում լինի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, լրջագույն փոփոխություններ կատարվեն ընտրական հանձնաժողովների, ընտրացուցակների հրապարակման հետ կապված և այլն և եթե արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն լինի, ապա, կրկնում եմ, որևէ մեկի մտքով չանցնի, թե «Բարգավաճ Հայաստանը» վախենալու կամ մտահոգվելու բան ունի: Մեր դիրքերը շատ ամուր են և մենք որևէ ընտրությունից` լինի դա հերթական թե արտահերթ, չենք վախենում»,- ընդգծեց Ն.Զոհրաբյանը ու հավելեց` չփոխված Ընտրական օրենսգրքով գնալ որևէ ընտրության նշանակում է որևէ նոր պատկեր չունենալ:
Նախորդիվ`
Ռուբեն Հակոբյան. ԱԺ-ում խմբակցությունների միջև խորհրդակցությունները ձախողվեցին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան