Ռուբեն Հակոբյան. ԱԺ-ում խմբակցությունների միջև խորհրդակցությունները ձախողվեցին
Ազգային ժողովում հետընտրական իրավիճակը քննարկելու մասին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությունները ձախողվել են: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Մեր խմբակցության և Դաշնակցության կողմից ԱԺ արտահերթ նիստի համար ներկայացված օրակարգին Հանրապետական խմբակցությունը դեմ արտահայտվեց: Բայց միաժամանակ, նրանք որևէ օրակարգ չներկայացրին: Բանակցային փուլն այդպիսով ավարտվեց», -ԱԺ նախագահի հետ այսօր ԱԺ-ում հրավիրված խորհրդակցությունից հետո ասաց Հակոբյանը: Նրա խոսքով, խորհրդարանական մեծամասնությունն առաջարկվող օրակարգը մերժել է դրանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող կետի առկայության պատճառով:
Նա տեղեկացրեց, որ հաջորդ քայլը մնում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ խորհրդակցել ստորագրահավաքի կազմակերպման վերաբերյալ: «Հիմա պետք է ընդդիմադիր խմբակցությունների հետ խորհրդակցենք և կարողանանք արտահերթ նիստ հրավիրել ընդդիմության 1/3-ի ստորագրությունների հիման վրա», -նշեց Հակոբյանը` հավելելով, որ այժմ այդ ուղղությամբ կգնան քննարկումները: Նրա խոսքով, ստորագրահավաքի հարցով իրենք կդիմեն նաև այլընտրանքային ուժ հայտարարված «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի գնահատմամբ, Հանրապետական խմբակցությունը հերթական անգամ ցույց տվեց, որ չի կարող քաղաքական կամք ցուցաբերել և «հաշվի նստել հնարապետությունում ստեղծված իրավիճակի հետ»: «Խորհրդարանն իսկապես այն մարմինն էր, որ պետք է քննարկեր երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը», -նշեց Հակոբյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցության ընթացքում քննարկումը ծավալվում է ԱԺ Ժառանգություն և Դաշնակցություն խմբակցության առաջարկած օրակարգային երեք հարցերի շուրջ.
դրանք են`
1.Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ մեկ տարվա ընթացքում։
2.Համամասնական ընտրակարգի անցում ՝ երկու տարվա ընթացքում։
3. Ընդդիմության վերահսկողական լծակների ավելացում։
ԿԸՀ հրապարակած տվյալներով` փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների 58.64 տոկոսը, Րաֆֆի Հովհաննիսյանը` 36.75 տոկոսը, Հրանտ Բագրատյանը` 2.15 տոկոսը, Պարույր Հայրիկյանը` 1.23 տոկոսը, Անդրիաս Ղուկասյանը` 0.57 տոկոսը, Վարդան Սեդրակյանը` 0.42 տոկոսը, Արման Մելիքյանը` 0.24 տոկոսը:
Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունում ընտրությունների արդյունքները, դրանք համարում է կեղծված և դիմել է Սահմանադրական դատարան, որով «պահանջվում է վավերացնել և ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները և չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Իրանի, Իսրայելի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան