Ստեփան Սաֆարյան. Դիմում ենք ՍԴ, որ հետո չասեն` ինչու չդիմեցիք
Ներկա պահին ընթացող բոլոր զարգացումները իրականացվում են Սահմանադրության և իրավունքի դաշտում: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը:
«Հետընտրական զարգացումներն իրենց տրամաբանությունն ունեն: Ինչ-որ նմանություն կա նախորդ նախագահական ընտրությունների հետ, բայց, ի տարբերություն նախկինների, ընդգրկում է ողջ հանրապետությունը, տարբեր մարզերում հավաքներ են լինում: Ի տարբերություն նախկինների, բավականին ակտիվ քննարկումներ են գնում քաղաքական դաշտի բոլոր կուսակցությունների և քաղաքացիական շարժումների հետ: Մինչև վերջին պահը հայտնի չէր, թե երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն կգնա այն ճանապարհով, ինչով, որ գնացել են նախորդ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուները` այն է, կդիմի՞ Սահմանադրական դատարան` թե ոչ: Այսօր արդեն պարզ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմելու է ՍԴ, կարծում եմ, որ այն քայլերը, որոնք իրականացվում են, ամբողջովին Սահմանադրության և իրավունքի դաշտում են կատարվում»,- նշեց Արտակ Դավթյանը:
Իր հերթին աուլիսին ներկա «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն նշեց, որ իշխանությունն այս ընթացքում միայն մի հարցում է ճիշտ դուրս եկել առ այն, որ պայքարը ընթանալու է երկրորդ տեղի համար, սակայն այն տարբերությամբ , որ հենց իշխանության թեկնածուն է պայքարել և ընտրությունների արդյունքում գրավել երկրորդ տեղը:
Անդրադառնալով ԵԱՀԿ միջանկյալ զեկույցին` Ս. Սաֆարյանը նշեց, այնտեղ զետեղված ակնարկներից էլ պարզորոշ երևում է, որ ընտրություններում առաջին տեղ է գրավել Րաֆֆի Հովհաննիսյանը
«Զեկույցում, բառի բուն իմաստով, կասկածի տակ է դրվում Սերժ Սարգսյանի հաղթանակը: Միջազգային որևէ զեկույց այդքան թափանցիկ չի արտահայտում ընտրությունների կեղծված լինելը, որքան սա»,-ասաց Սաֆարյանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ` նախնական և միջանկյալ զեկույցներում արված շեշտադրումների տարբերությանը` Ստեփան Սաֆարյան նշեց, որ միջանկյալ և վերջնական զեկույցներում միջազգային դիտորդները ներկայացնում են իրական պատկերը, որպեսզի հետագայում նրանց ոչ ոք չկարողանա մեղադրել անաչառության պակասի և իրականությունը չներկայացնելու մեջ:
«Ստացվում է, որ միջազգային կառույցները օգնում են շնորհավորական ուղերձներ ուղարկելուն, հետո իրենց դեմքը փրկելու համար շտկում են իրենց ասածը, որ տարիներ հետո բացես այդ զեկույցները և անաչառություն տեսնես: ԵԱՀԿ-ն այդ կերպ է փրկելու իր դեմքը»,- նշեց Ս. Սաֆարյանը:
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ իրոք, առկա է էական տարբերություն նախորդ և ներկայիս ընդդիմադիր շարժումների միջև:
«Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը բաց է պահում հաղորդակցության խողովակները: Տեր-Պետրոսյանը դաշտը բաժանում էր սևերի և սպիտակների և սևերի հետ թույլ չէր տալիս ոչ մի կոնտակտ: Ակհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա միջև այդ տարբերությունը կա»,- նշեց Ս. Սաֆարյանը` հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դասեր է քաղել անցյալից:
Ս. Սաֆարյանը ասաց, որ ինքը «չի վստահում Սահմանադրական դատարանին», սակայն, այնուամենայնիվ կողմ է ՍԴ դիմելու որոշմանը:
«Դիմում ենք, որ հետո չասեն` ինչու չդիմեցիք»,- շեշտեց Ս. Սաֆարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին