Բողոքի ակցիա` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև (Լուսանկարներ, տեսանյութ)
Այս պահին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև ընթանում է բողոքի ակցիա, որի մասնակիցներն իրենց «դժգոհությունն ու տարակուսանքն» են հայտնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորելու կապակցությամբ: Լրագրողներին ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ միջոցառումն ինքնաբուխ է և կազմակերպվել է ֆեյսբուքյան նախաձեռնության կողմից: Ակցիայի մասնակիցները կարմիր քարտեր են բարձրացրել ի նշան բողոքի, ինչպես նաև «You asked us to belive, but you didn’t change», «Your president should ask armenian’s people who to congratulate!» գրությամբ պաստառներ: Դեսպանատանից դուրս են եկել դեսպանատան ներկայացուցիչները, որոնց ակցիայի մասնակիցները փոխանցեցին նամակ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված էր. «Ձեր վերընտրվելը հնարավորություններ է ընձեռում մեր երկու երկրների հարաբերություններն առաջ մղելու համար և Ձեր ժառանգության ստեղծմանը` որպես առաջնորդի, որը խորացնում է Հայաստանում բարեփոխումները և առաջ տանում խաղաղության գործը ձեր ազգի և ձեր տարածաշրջանի ժողովուրդների համար:
Վստահ եղեք, որ Միացյալ Նահանգները, որպես Հայաստանի մշտական բարեկամ և գործընկեր, ձեր կողքին է այս վեհ նպատակներին հասնելու գործում»
ԿԸՀ հրապարակած տվյալներով` փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների 58.64 տոկոսը, Րաֆֆի Հովհաննիսյանը` 36.75 տոկոսը, Հրանտ Բագրատյանը` 2.15 տոկոսը, Պարույր Հայրիկյանը` 1.23 տոկոսը, Անդրիաս Ղուկասյանը` 0.57 տոկոսը, Վարդան Սեդրակյանը` 0.42 տոկոսը, Արման Մելիքյանը` 0.24 տոկոսը:
Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունում ընտրությունների արդյունքները, դրանք համարում է կեղծված և որոշել է դիմել Սահմանադրական դատարան, որով «պահանջվում է վավերացնել և ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները և չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը»: