Դավիթը հայհոյախառն «դեբոշ» է արել Վարդենիսի հոսպիտալում ու...արդարացվել
panorama.am-ը սկսում է շարք, որով կներկայացվեն հանրապետության դատարաններում կայացված արդարացման դատավճիռները: 2012-ի ընթացքում դատարաններում կայացվել են արդարացման շուրջ 75 վճիռներ:
2011թ. Հայաստանի դատարանների կողմից կայացվել է 4254 դատավճիռ՝ արդարացվել է 77 անձ, ինչն ընդհանուր դատավճիռների թվում կազմել է 1,8 տոկոս: 23-ը կամ 0,54 տոկոսը եղել են մասնակի, իսկ 54-ը կամ 1,3 տոկոսը՝ լրիվ արդարացման դատավճիռներ:
Գործը, որը ներկայացնում ենք առաջինը, խուլիգանություն հացագործության շուրջ նախաքննական մարմնի և դատարանի հակառակ դիրքորոշումների մասին է, որն ավարտվում է դատարանի հաղթանակով:
Ի դեպ, այս գործի դեպքում ընդհանուր իրավասության դատարանին ուղղորդել ու աջակցել է Վճռաբեկ դատարանի՝ Շահեն Հախվերդյանի վերաբերյալ նախորդ տարվա մարտի 30-ին ընդունված նախադեպային որոշումը:
Վարդենիսի բնակիչ 31-ամյա Դավիթ Ավետիսյանը, որը նախկինում էլ խուլիգանության համար դատապարտվել էր, մեկամյա դատական քաշքշուքից հետո այս անգամ արդարացվել է: Նա մեղադրվում էր դարձյալ խուլիգանության համար, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով (Քր. Օր. 258 հոդված 2-րդ մաս):
Ամեն ինչ սկսվել է 2011-ի դեկտեմբերի 20-ին, երբ իր շատ ծանր վիճակում գտնվող ու արնահոսող եղբորը` Կարապետին բուժօգնություն ստանալու համար տեղափոխում է Վարդենիսի հիվանդանոց:
Ըստ գործի նյութերի.
Դավիթը, որը ալկոհոլի ազդեցության տակ է լինում, հիվանդանոցի ընդունարանում մի քանի րոպե գորգոռում է, անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ տեղում և միաժամանակ ընդունարանի բուժքույր Ամալյա Մանուկյանի ձեռքից խլում ու գետնին է գցում ընդունարանի հեռախոսը` Վարդենիսի հիվանդանոցին պատճառելով 4200 ՀՀ դրամի նյութական վնաս: Այնուհետև իր բարեկամներից մեկի և հիվանդանոցի բուժքույր Գալյա Մելքոնյանի հետ միասին եղբորը` Կարապետ Ավետիսյանին պատգարակով հիվանդանոցի ընդունարանից բարձրացրել են 3-րդ հարկ և հիվանդանոցից Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալ տանող դռնով մտել Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունք: Այստեղ էլ Դավիթի նյարդերը տեղի են տվել, և նա շարունակել է իրեն վատ պահել. շուրջ 10 րոպե գորգոռացել է, անհասցե հայհոյանքներ տվել, քաշքշել և հրել է կայազորային հոսպիտալի աշխատակից Գևորգ Վարդանյանին: Դրան զուգահեռ, 31-ամյա նյարդայնացած տղամարդը հարվածել և կոտրել կայազորային զինվորական հոսպիտալի հետվիրահատարանի դռան ապակին, դեղորայքի պահարանի ապակիները, մուտքի դռան բռնակը` Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալին պատճառելով 11.710 դրամի նյութական վնաս:
Դատարանում ցուցմունքներ տալիս Դավիթն ասել է, որ արնահոսող եղբորը տեսնելիս սկսել է հուզվել, ինչի պատճառով էլ իրեն չի կարողացել տիրապետել: Ավելին, նա ասել է, որ չի զգացել է ինչպիսի վարք է դրսևորել, չի գիտակցել, թե ինչ է անում: Ասել է նաև, որ վերականգնել է հիվանդանոցին պատտճառված վնասը ու խնդրել իրեն մեղմ վերաբերվել:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը առավել, քան մեղմ է վերաբերվել Դավիթ Ավետիսյանի նկատմամբ և արդարացրել նրան: Սակայն Սևանի կայազորի զինվորական դատախազությունը չի հարմարվել առաջին ատյանի դատարանի վճռի հետ և բողոքարկել է այն՝ Վերաքննիչից պահանջելով Դավիթին դատապարտել մեկ տարվա ազատազրկման:
Երկրորդ ատյանը նույնպես անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ մերժելով վճռաբեկ բողոքը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բացատրելով իր վճիռը, նշել է, որ Դավիթի արարքը կորակվեր խուլիգանություն միայն այն դեպքում, երբ հիմնավորվեր, որ նա հասարակական կարգը կոպիտ կերպով է խախտել: Այսինքն, ըստ վճռի, Դավիթ Ավետիսյանի գործողությունները պայմանավորված չեն եղել շրջապատին հակադրվելու, շրջապատի հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ, հետևաբար նրա գործողություններում բացակայում է խուլիգանական մղումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները