Բեռլուսկոնին պոռնկուհիներին 2,5 հազարական եվրո է վճարել լռության դիմաց
Դատախազ Անտոնիո Սանջերմանոն ավարտել է մեղադրական եզրակացության ընթերցումն Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործով: Վերջինս մեղադրվում է անչափահաս պոռնկուհի Քարիմա Մախրուգի հետ սեռական կապի մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դատախազի խոսքերով` Բեռլուսկոնիի միլանյան վիլլան մի վայր է եղել, որտեղ հարստությունն ու իշխանությունն օգտագործվել են սեռական բնույթի ծառայություններ ստանալու համար: Վիլլայում կազմակերպվել են էրոտիկ պարեր, հյուրերն ու հրավիրված երիտասարդ աղջիկները զբաղվել են սեքսով: Հրավիրվածներից շատերը հեռանկարային հեռուստահաղորդավարուհիներ են եղել:
Մեղադրանքի վարկածով` Բեռլուսկոնին սկսել է գումարներ վճարել նրանց, ովքեր իր դեմ ցուցմունքներ են տվել: Խոսքն ամսական 2,5 հազարական եվրոյի մասին է: «Դա ապացուցված է հեռախոսային լսված զրույցներով ու վկաների ցուցմունքներով»,- ասել է դատախազը:
Սիլվիո Բեռլուսկոնին հերքում է, որ սեքսով է զբաղվել մարոկկացի անչափահաս պարուհի Մախրուգի հետ, ով հայտնի է նաև «Ռուբի, սրտեր նվաճող» անվամբ: Նա հերքում է նաև, որ օգտագործել է իր կապերը` աղջկան ոստիկանական բաժանմունքից ազատելու համար: Մախրուգը պնդում է, որ Բեռլուսկոնիի հետ սեռական հարաբերություններ չի ունեցել:
Սպասվում է, որ Բեռլուսկոնիի գործով դատավճիռը կհրապարակվի մինչև մարտի վերջը: Իտալիայի նախկին վարչապետին 15 տարվա ազատազրկում է սպառնում: