Հունվարին պետական բյուջեի եկամուտներն աճել են 27.9% ով
ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի եկամուտները հունվար ամսին կազմել են 75.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 46.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 34.1%-ով և 20.7%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման, հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը:
Ըստ նրա` «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 1.3 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 34.3%-ը, իսկ ծախսերը` 520.8 մլն դրամ կամ եռամսյակային ծրագրի 13.2%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 7.3%-ով, ծախսերի գծով` 4.6%-ով:
Գ.Զարգարյանը նշեց, որ 2012 թվականի հունվարի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 27.9% ով կամ 16.4 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.8%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.2%-ը` այլ եկամուտների հաշվին:
2013 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 71.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 33.9%-ը: Գ.Զարգարյանը տեղեկացրեց, որ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 28.5% ով կամ 15.8 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի և շահութահարկի գծով մուտքերի աճով, ինչպես նաև հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով, որոնց համաձայն 2013 թվականից ներդրվել է երկու նոր հարկատեսակ` եկամտային հարկ և շրջանառության հարկ: Նշված եկամտատեսակների գծով հունվար ամսին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել համապատասխանաբար 3.6 մլրդ դրամ և 310.8 մլն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա