Հանրապետության հրապարակը կառուցվել է որպես տաճա՞ր. «Կարծում եք պատահակա՞ն են եկեղեցու տարրերը»
«Վերջերս թերթել եմ 30-ականների մամուլը: Երբ որ քննարկում էին Թամանյանի նախագիծը, օրթոդոքսալ բոլշևիկներն ասում էին, որ Թամանյանը եկեղեցի է կառուցում: Կարծում եք պատահակա՞ն են եկեղեցու տարրերը` սյուներ, խոյակներ, կամարներ. մեր պետականության տաճարն էր կառուցում: Կառուցվել է որպես տաճար, իսկ տաճարից պետք է չարչիներին վտարել, ոչ թե ներս թողնել»,- «Մտավորականների դերը քաղաքացիական հասարակության ձևավորման գործում» թեմայով քննարկման ժամանակ` խոսելով նաև Կառավարության թիվ 2 մասնաշենքի (ԱԳՆ) վաճառքի մասին, ասաց գրող, դրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը:
Ռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ նշեց, որ Հանրապետության հրապարակի համալիրը խորհրդանշում է հայոց պետականությունը, խորհրդանշում է մշակութային միջավայր, մինչդեռ ցանկացած հյուրանոց ունի բոլորովին այլ նպատակ` զվարճանքի տեղ է, խաղամոլների կենտրոն է:
Քննարկմանը ներկա Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը հարց ուղղեց Տ. Խզմալյանին. «Մարիոտը («Արմենիա Մարիոտ» հյուրանոց) վերացնե՞ն»: Տ. Խզալյանը պատասխանեց. «Խնդիրը Մարիոտը չէ: Խնդիրն այն է, որ սա նախատեսված երեք աճուրդներից առաջինն է. խոսքը նաև կապի նախարարության, էներգետիկայի նախարարության մասին է»:
Ի դեպ, Ա. Գևորգյանը, ով նաև Հանրային խորհրդի անդամ է, Երևանի ավագանու խորհրդի անդամ է, ասաց, որ մասնագետներն իրեն բացատրել են, համոզել, որ ԱԳՆ-ի շենքի վաճառքի գործարքը «հրաշալի գործարք է». «Ասել են` ներսը շատ վատն է, ոչ մի բանի համար չի ծառայում: Արտաքինը չի խաթարվելու: Լավ գործարք է, առանց կառավարությունից փող վերցնելու, արդարադատնության նախկին հրդեհված շենքի տարածքում ԱԳՆ-ի ու այլ նախարարությունների համար նոր շենք են կառուցելու»: Նշենք, որ Հանրային խորհուրդը դեռևս նախորդ տարի կազմակերպել էր հանրային լսումներ` Կառավարության թիվ 2 մասնաշենքի վաճառքի հարցով. ելույթ ունեցողները նույն կարծիքին էին` շենքի վաճառքն անթույլատրելի է:
Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924-1936 թթ. նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Ներկայումս Հանրապետության հրապարակը ձևավորում են հինգ կարևոր ու տպավորիչ շենքեր` կառուցված 1920-1950-ականներին` Կապի և արհմիությունների շենքն է (այս շենքում է այսօր գործում ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարությունը), Կառավարության 1-ին շենքն է ` մեծ աշտարակ-ժամացույցով, Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքը, Կառավարության 2-րդ շենքը (ուր այժմ գործում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը): Հրապարակը ձևավորող վերջին շենքն է` «Արմենիա» հյուրանոցը:
Նախորդող նորություններ` Գնորդ չլինելու պատճառով ԱԳՆ շենքի աճուրդը չի կայացել
Ճարտարապետների միության նախագահը դիմել է երկրի ղեկավարին. «Անհապաղ կասեցնել Կառավարական 2-րդ մասնաշենքի աճուրդի գործընթացը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան