Նույնիսկ վերահաշվարկը «Ժառանգության» թեկնածուի օգտին չի լինելու
Անդրադառնալով ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդդիմության կողմից ներկայացված «ֆանտաստիկ» հաշվարկներին ` «Голос Армении»-ն գրում է. «Ցավոք սրտի, «Ժառանգության» բախտը չբերեց, քանի որ պարզվում է, որ հաշվել և տրամաբանել գիտեն ոչ միայն ժառանգականները: ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը նույնպես հաշվարկներ է արել և վերլուծել ընդդիմության հաշվարկներով ներկայացված արդյունքները»:
Նախևառաջ Դ. Հարությունյանը հաշվարկել է, թե ինչպիսին կլիներ ընտրությունների արդյունքը, եթե ԿԸՀ-ն բավարարեր ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի վերաբերյալ ընդդիմության բոլոր անհիմն հայտերը. Այդ դեպքում Սերժ Սարգսյանը կհավաքեր 1% պակաս ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները կավելանային 1%-ով: Դ. Հարությունյանը նաև հաշվարկել է, թե ինչ կլիներ, եթե անվավեր հայտարարվեին բարձր մասնակցության ցուցանիշ ցուցաբերած ընտրատարածքների արդյունքները. նույնիսկ այս աբսուրդային իրավիճակում գործող նախագահն իր հավաքած ձայներով կհաղթեր իր մրցակցին հենց առաջին փուլում:
Բացի այդ, Դ. Հարությունյանը նկատում է, որ ԱԺ-ում ներկայացված 6 կուսակցությունից իշխանական են միայն 2-ը` մնացած 4-ը ընդդիմադիր կուսակցություններ են, և հենց այդ չափաբաժնով էլ կուսակցությունների ներկայացուցիչներն ընդգրկված են եղել ընտրական հանձնաժողովներում: Բացի այդ` պատգամավորը նկատում է, որ թվով 212 ընտրատարածքներում ընտրական հանձնաժողովի երկու ղեկավար պաշտոններից մեկը «Ժառանգության» ներկայացուցչինն էր և այդ ընտրատարածքներում թե´ մասնակցությունը, թե´ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայների տոկոսային հարաբերակցությունը նույն պատկերն ունի, ինչ ամբողջ հանրապետության արդյունքներն են: «Հանրապետությունում գործող 1988 ընտրատարածքներից յուրաքանչյուրում «Ժառանգություն»-ը կարող էր հատուկ կարծիք ներկայացնել և վերահաշվարկ պահանջել, սակայն հատուկ կարծիք է արտահայտվել միայն մեկ ընտրատեղամասում»,-նկատում է «ГА»-ն: