Հովհաննիսյան. Օբաման, Օլանդն ու Պուտինը որոշումները վերանայելու ժամանակ ունեն (Լուսանկարներ)
Դեռ ժամանակ կա, որպեսզի Սերժ Սարգսյանին շնորհավորած Պուտինը, Օբաման, Օլանդը վերանայեն իրենց սխալ որոշումները: Այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` ավելացնելով, քանի դեռ նրանք չեն վերանայել իրենց որոշումը ինքը հրաժարվում է ճանաչել ԵԱՀԿ Մինսկի խումբն ու ԼՂ կարգավորման համար նրանց առաջարկած սկզբունքները:
Անդրադառնալով ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, Սարդարապատի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ասաց, որ դրանք ուղղված են «համազգային մարտակոչը լուծելուն»:
«Բոլորը պետք է ինքնամաքրվելու հնարավորություն ունենան: Բոլոր հանդիպումներում օրակարգի տարբերություն չկա, միևնույն խոսքն է»,-ասաց Հովհաննիսյանը, ավելացնելով, որ «այս անգամ ժողովրդի դեմ խաղ չի լինելու, ոչ մի նահանջ չի լինելու»: Ասաց, որ ընդունում է երիտասարդ հանրապետականի քննադատությունը, ուստի «զադնի» բառի փոխարեն այսուհետ կգործածի «նահանջ» բառը:
Հովհաննիսյանն ասաց, եթե ՀԱԿ-ը պատրաստ լինի իր հետ հանդիպել, ապա ինքը պատրաստ է:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահին, վարչապետին, քաղաքապետին Ազատության հրապարակ հրավիրելու նամակներն անպատասխան թողնելուն, ապա Հովհաննիսյանը ասաց. «անգամ Մեծ պահքի շրջանում նրանք չեն ցանկանում ինքնամաքրվել, և ռիսկ էլ չարեցին ինձ հրավիրել»:
Լուսանկարները` Լիլիան Գալստյանի