Հ.Աբրահամյանը առաջարկել է Րաֆֆու գլխավորությամբ ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով
Panorama.am-ը վերջին զարգացումների վերաբերյալ զրուցել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
-Պարոն Աբրահամյան, ըստ մամուլում առկա «Ժառանգության» ներկայացուցիչների հայտարարությունների` հետընտրական զարգացումների շուրջ խորհրդարանական ձևաչափով սկսված քննարկումները տապալվել են խորհրդարանական մեծամասնության, այդ թվում` նաև Ձեր մեղքով: Իսկապե՞ս համարում եք, որ քննարկումները ձախողվել են, այն էլ Ձեր պատճառով:
- Անհամեստորեն հիշեցնեմ, որ այդ քննարկումների վերաբերյալ առաջարկությունն արել եմ ես և, բնականաբար, ինքս էլ առաջիններից պետք է շահագրգռված լինեմ, որ դրանք արդյունավետ լինեն: Հետևաբար, կներեք, բայց պետք է անհեթեթություն համարեմ այն խոսակցությունները, թե իբր քննարկումները տապալվել են իմ մեղքով:
Բացի այս, թույլ տվեք չհամաձայնել, որ դրանք տապալվել են, որովհետև ՀՀԿ-ն ցանկացած պահի պատրաստ է նստել սեղանի շուրջ և շարունակել քննարկումները: Եվ եթե «Ժառանգությունը» համարում է, թե քննարկումները տապալվել են, դա իր խնդիրն է, այսինքն` իրենք են համարում, որ քննարկումներն այլևս ավարտված են:
- Այսինքն` Դուք կարծում եք, որ քննարկումներն ավարտված չե՞ն:
-Օրակարգում մի քանի հարց կա` «Ժառանգության» կողմից առաջարկած, սակայն նրա ներկայացուցիչները մեկ հարցի վերաբերյալ մերժում ստանալով ` իրենց առաքելությունն ու քննարկումների ողջ շրջանակը համարեցին ավարտված: Ամեն դեպքում, այդպես կարելի է եզրակացնել նրանց ներկայացուցիչների հայտարարություններից: Մինչդեռ այդ հարցը` Ազգային ժողովի լուծարման պահանջը, իր բովանդակությամբ հակասահմանադրական է: Այդ մասին, համոզված եմ, քաջատեղյակ էին նաև հենց իրենց` «Ժառանգության » ներկայացուցիչները: Որովհետև ՀՀ Սահմանադրության հոդված 74.1 –ում հստակ նշված է , թե հանրապետության նախագահը ո՞ր դեպքերում կարող է արձակել Ազգային ժողովը: Ներկայումս Սահմանադրության մեջ նշված իրավիճակներից ոչ մեկը առկա չէ, հետևաբար խորհրդարանը հնարավոր չէ լուծարել անգամ ամենաանհաշտ ընդդիմադիրի ամենաբուռն ցանկության դեպքում:
Վերադառնալով Ձեր հարցին, ասեմ, որ, այո` ես համարում եմ, որ քննարկումներն ավարտված չեն, առավել ևս` տապալված չեն: Բացառությամբ վերոհիշյալ հարցի` մենք պատրաստ ենք բարձրացված մյուս հարցերի շուրջ քննարկել կամ բանակցել` ինչպես կուզեք անվանեք մեր հանդիպումները: Ավելին, ես առաջարկել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որտեղ կքննարկվեն բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում ՀՅԴ և «Ժառանգության» առաջարկությունները: Կարծում եմ, հանձնաժողովի նպատակը պետք է լինի առավել արդիականացնել պետաիրավական դաշտն ու համակարգը` արձագանքելով նաև հասարակական սեկտորում առկա տրամադրություններին ու գործընթացներին: Ինչպես ասում են` գնդակն այս պահին մեր դաշտում չէ:
Նախորդիվ`
Ռուբեն Հակոբյան. ԱԺ-ում խմբակցությունների միջև խորհրդակցությունները ձախողվեցին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան