Հայրիկյանի գործով մեղադրյալներից մեկի մայրը ոչ ոքի չի կասկածում
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով փետրվարի 7-ին ձերբակալված Սամվել Հարությունյանի մայրը` Ռոզա Գալստյանը, ի տարբերություն նույն կասկածանքով ձերբակալված Խաչատուր Պողոսյանի զոքանչի` 51-ամյա Կարինե Էլչակյանի, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե չի կարող որևէ մեկին մեղադրել իր տղայի ձերբակալության մեջ, քանի որ նա թշնամիներ չի ունեցել: «Ես միայն մի բան գիտեմ, որ իմ տղան կապ չունի այս ամենի հետ, ու սա կարող է ինչ-որ մեկի ձեռագիրը լինել: Չգիտեմ, թե ով կարող է լինել այդ մեկը, անգամ կասկածներ չունեմ»,-ասել է նա: Թերթը հիշեցնում է, որ մյուս ձերբակալվածի հարազատներն իրենց հետ զրույցում պնդել էին, որ մահափորձի պատվիրատուն նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն է: