Ց. Պասկալևա. Ոչ բոլորն են ծանոթ Ղարաբաղի մասին ճշմարտությունը
Ղարաբաղյան պատերազմի վավերագիր, բուլղարացի հայտնի լրագրող Ցվետանա Պասկալևան աշխարհի տարբեր երկրներում շարունակում է ներկայացնել իր «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարը, որը պատմում է այն իրականությունը, թե ինչ է կատարվել Ղարաբաղում` այդպիսով հակադարձելով նաև ադրբեջանական ապատեղակատվությանը: «Ամենուր ես ընդգծում եմ այն ճշմարտությունը, որ աշխարհում ոչինչ արժեքավոր չէ, որքան մարդկային կյանքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր շրջագայությունների մասին խոսեց Ց. Պասկալևան:
«Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարը 7 վավերագրական ֆիլմերից է բաղկացած («Հույսի բարձունքներ», «Կլինի արդյոք լուսաբաց Ղարաբաղում», «Իմ թանկագին ողջեր և մեռածներ», «Ղարաբաղի վերքերը», «Մայր հողի զինվորները», «Անդորր» և «Ոգի և հավատ»): Այն թարգմանված է վեց լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, բուլղարերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլն:
Բեյրութ, Պրահա, Ֆրանսիա, Ավստրալիա…ֆիլմաշարի շրջագայության աշխարահագրությունը բավականին ընդարձակ է:
«Ոչ բոլորն են ծանոթ Ղարաբաղի մասին ճշմարտությունը, թեև աշխարհը սկսել է ավելի շատ բան իմանալ, օրինակ, Սումգայիթի մասին: Երբ դիտում են իմ ֆիլմերը, քաղաքական գործիչները, դիվանագետները արձագանքում են, թե չեն իմացել, որ ղարաբաղյան պատերազմն այդքան ուժեղ է եղել, այդքան դաժան: Ինչին ի պատասխան ես ասում եմ` օգնեք, որ բոլոր երկրներում հանգամանալից իմանան, թե ինչ է կատարվել Ղարաբաղում»,- պատմեց Ց. Պասկալևան:
Նա նաև կոչ է անում, որ ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծմամբ զբաղվող երկրները չձգձգեն, արագորեն լուծում տան խնդրին: «Երբ իմ ֆիլմերում տեսնում են, թե ինչպիսին է այսօր Ղարաբաղը, ինչպես է ծաղկել ու զարգացել, ինչպես է փոխվել ղարաբաղցու աչքերը` ժպտում են, այս ամենը անհերքելի ապացույցներ են, որ ղարաբաղցին իրավունք ունի մնալ իր հողում ու ապրել ազատ»,- ասաց բուլղարուհին, ով հպարտանում է, որ այդ դժվարին օրերին եղել է Ղարաբաղում, ով խոսք է տվել, որ չի հեռանա Հայաստանից, մինչև ղարաբաղյան հիմնախնդիրը վերջնական լուծում ստացած չլինի: