Ռիչարդ Կիրակոսյան. Ր. Հովհաննիսյանը ունի քաղաքական թիմի պակաս
Անցած նախագահական ընտրությունները կարելի է համարել Հայաստանի համար «կորցրած հնարավորություն»: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Ընտրությունները պետք է լինեին ավելի ազատ և արդար, և սա կարելի է Հայաստանի համար համարել կորցրած հնարավորություն: Մենք տեսանք կեղծումների և խախտումների մեծ ապացույցներ: Մրցակցության և նախընտրական շրջանի առումով կարևոր էր ընտրությունների անցկացման ունակությունն ու կարևորությունը: Նախընտրական շրջանի գլխավոր էլեմենտը անվստահությունն էր: Կար վստահության խորը պակաս: Այս ընտրությունները ամենաոչմրցակցային ընտրություններն էին Հայաստանի պատմության ընթացքում»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:
Բանախոսը նշեց, որ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի չմասնակցելը ընտրություններին «վիրավորական էր ՀՀ ցանկացած քաղաքացու համար», քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է պատասխանատվություն կրի իր երկրի զարգացման համար:
Ռ. Կիրակոսյանը նշեց, որ քաղաքացիների համար վիրավորական էր նաև անցած նախընտրական քարոզարշավը:
«Յուրաքանչյուր հայի համար սա վիրավորական քարոզարշավ էր՝ մենք չտեսանք բանավեճ թեկնածուների միջև, և այս ընտրություններն անձերի պայքար էր, այլ ոչ թե գաղափարների»,- ասաց Ռ. Կիրակոսյանը:
Ինչ վերաբերում է հետընտրական իրավիճակին` ապա, ըստ փորձագետի, այն կարելի է անվանել ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության վստահության ճգնաժամ:
«Ընդդիմության համար ամենամեծ մարտահրավերը նախաձեռնողականությունը չկորցնելն է և հստակ նպատակների առաջադրման անհրաժեշտությունը: Դեռևս պարզ չէ, ունի արդյոք ընդդիմությունը կոնկրետ նպատակներ կամ պլաններ»,- նշեց Ռ. Կիրակոսյանը:
Բանախոսի նշեց, որ մինչ այս պահը արձանագրված ընդդիմության գործողությունները, այն է` ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից արձանագրությունների ստորագրումը, ապա ընտրությունների կեղծման մասին հայտարարելն ու ՍԴ-դիմելը, ինչպես նաև հանրահավաքներում հնչած հռետորաբանությունը, վկայում են այն մասին, որ ընդդիմությունը չունի գործողությանների հստակ գծված պլան, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ունի քաղաքական թիմի պակաս: