Մովսիսյան. «Ուրախ եմ, որ ներկայացնում եմ իմ պատմական հայրենիքը` Հայաստանը»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Bobsoccer»-ին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի առաջնությունում իր թիմի հեռանկարների մասին, ինչպես նաև նշել է, որ եթե գոլի հեղինակ դառնա «Կրասնոդարի» հետ խաղում, չի նշի այն:
- Չե՞ս կարծում, որ նման ես Զինեդին Զիդանին: «Զիդանի հնարքը» կարողանո՞ւմ ես կատարել:
- Ինձ շատ ֆուտբոլիստների հետ են համեմատել, սակայն ես ինձ նրանցից ոչ մեկին չեմ նմանեցնում: Այնպիսինն եմ, ինչպիսին կամ:
- «Սպարտակում», ըստ քեզ, ո՞վ է տեխնիկապես ամենագրագետ ֆուտբոլիստը:
- Էյդեն Մակգիդին և Ժանո Անանիձեն:
- Ի՞նչ ես կարծում, ընթացիկ մրցաշրջանում «Սպարտակը» ո՞ր տեղը կգրավի:
- Կարծում եմ` մենք ի վիճակի ենք գրավելու 2-րդ տեղը:
- Որքա՞ն գոլ ես պատրաստվում խփել մրցաշրջանի մնացած հատվածում:
- Ես ընդհանրապես իմ առջև նմանատիպ խնդիրներ չեմ դնում: Որքան կստացվի, այնքան էլ կխփեմ: Եթե ինչ-որ կոնկրետ թիվ մտածեմ ու հետո չկարողանամ այդքան գոլ հեղինակել, ինձ այնքան էլ լավ չեմ զգա:
- Ուսումնամարզական հավաքի ընթացքում խփածդ գոլերը կօգնե՞ն առաջնությունում:
- Անգամ մարզումների ժամանակ ես ցանկանում եմ գեղեցիկ խաղալ, գեղեցիկ գոլեր խփել, իսկ երբ դրանք հաջողվում է կատարել ստուգողական խաղերի ժամանակ, տրամադրությունս բարձրանում է: Գոլերի շնորհիվ նաև վստահություն ես ձեռք բերում ուժերիդ նկատմամբ. զգում ես, որ նույնը կարող ես անել նաև պաշտոնական պատասխանատու հանդիպումներում:
- Յուրա, եթե գոլ խփես «Կրասնոդարին», կնշե՞ս այն:
- Ոչ, չեմ նշի:
- Քեզ չե՞ն հրավիրել ԱՄՆ-ի հավաքական:
- Հնարավորություն ունեցել եմ` հանդես գալու ԱՄՆ-ի հավաքականի կազմում, սակայն ցանկություն չեմ ունեցել: Ես հայ եմ, միշտ ցանկացել եմ խաղալ Հայաստանի ազգային ընտրանու կազմում և անչափ ուրախ եմ, որ կարողանում եմ ներկայացնել իմ պատմական հայրենիքը` Հայաստանը:
- Ի՞նչ կարող ես ասել Վալերի Կարպինի մարզչական հմտությունների մասին:
- Անկեղծ ասած` երջանիկ եմ, որ ինձ համար բացահայտել եմ նրա պրոֆեսիոնալ, մարդկային որակներն ու արժանիքները: Ինչպես տեսնում եք, թիմը հիանալի է հանդես գալիս: Խաղադաշտում մեր թիմի կարգապահությունը մեզ միայն օգուտ է բերում: Դա բացառապես մարզչի աշխատանքի շնորհիվ է:
- Եվրոպական ո՞ր թիմում ես երազում խաղալ:
- Ներկա պահին` «Սպարտակի»:
- Արդեն առաջին անգամը չէ, որ Մոսկվայում ես: Ինչպիսի՞ն է մեր երկիրը, ինչպե՞ս ես քեզ զգում Մոսկվայում:
- Հիանալի: Ինձ այստեղ շատ ջերմ ընդունեցին, ուստի միանգամից հարմարվեցի ու ինձ օտար չեմ զգում: Ոչ մի խնդիր չի եղել: Բացի այդ, այստեղ Հայաստանից շատ հեռու չեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում