Հայկական ձկնաբուծական ընկերությունների ՌԴ ձուկ արտահանելու հանդեպ դրված արգելքը` պատվերի արդյունք է. Արթուր Աթոյան
Ձկնաբուծական երեք ընկերությունների ՌԴ ձուկ արտահանելու հանդեպ դրված արգելքը` աղիքի ցուպիկի հետ կապված, արդեն հանվել է, իսկ մեկ ընկերության նկատմամբ արգելքը դեռ գործում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը:
Հիշեցնենք, որ 2012թ-ին ձկնաբուծական չորս ընկերությունների ձուկ արտահանելու հանդեպ դրվել էր արգելք` աղիքի ցուպիկի հետ կապված:
«Ռոսսելխոզնադզոր կազմակերպությունը, որը զբաղվում է սննդի անվտանգության նորմատիվների պահպանմամբ, բացահայտ տեքստով մեր ներկայացուցիչներից մեկին ասել է` իրենք ընդունում են, որ արգելքը պատվերի արդյունք է, սակայն չեն կարող ասել, թե ով է պատվիրատուն»,- ասաց Ա.Աթոյանը:
Նա նշեց, որ իրականում աղիքային ցուպիկը լվանալուց հետո վերանում է: Ըստ նրա` ձուկը մաքրելու ընթացքում, եթե ձեռքից սահի և ընկնի հատակին, ապա դրանից հետո առանց լվանալու ուսումնասիրություն կատարվի, ապա աղիքային ցուպիկ կհայտնաբերվի:
«Մինչև հիմա համապատասխան կազմակերպությունը չի նշել, թե որ տնտեսության ապրանքատեսակը որ փուլում է ունեցել խախտում: Մենք փորձեցինք պարզել, թե որ փուլում է հայտնաբերվել աղիքային ցուպիկը ձկնամթերքում, սակայն նրանք չկարողացան այդ հարցին պատասխանել, կամ չուզեցին պատասխանել, հակառակ դեպքում` բանսարկությունն ամբողջությամբ ի հայտ կգար»,- ասաց Ա.Աթոյանը:
Նրա խոսքերով` Հայաստանն արտադրում է էկոլոգիապես մաքուր ձկնամթերք, և կարող է իր արտադրանքը ներկայացնել աշխարհին: «Մենք պետք է փորձենք մեր ձկնամթերքի որակական բարձր հատկանիշների շնորհիվ Ռուսաստանից բացի այլ շուկաներ ձեռք բերել, որպեսզի ամեն անգամ ռուսական կողմի քմահաճույքի դեպքում խնդիրների առջև չկանգնենք»,- ասաց Ա.Աթոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները