ՕԵԿ-ն առաջարկում է վերացնել ընդունելության քննությունները
«Մենք առաջարկում ենք վերացնել ընդունելության քննությունները: Վերջին ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցությունը իր նախընտրական ծրագրում ներառեց այս գաղափարը և այժմ հետևողականորեն աշխատում է այս ծրագրի կյանքի կոչման համար:- «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասում է ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը:- Վերջապես, կա հարուստ միջազգային փորձ Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և բազմաթիվ այլ երկրներում, որտեղ երեխան բուհ է ընդունվում միանգամից դպրոցից` առանց ավելորդ քննություն-քաշքշուկների: Անցնում է լեզվի իմացության ստուգում, ընդհանուր զարգացվածության թեստավորում և այլն: Այսինքն` բուհերի դռները բաց են բոլորի առջև` անկախ նրանց սոցիալական վիճակից և ծագումից:
Ի՞նչ խնդիրներ մենք կարող ենք լուծել: Նախ`
1.բարձրագույն կրթություն ստանալու մեկնարկային հնարավորություն կունենան անխտիր բոլորը,
2.կնվազեն կամ կվերանան կոռուպցիոն ռիսկերը,
3.կբարձրանա դպրոցի դերը մեր կրթական համակարգում,
4.աշակերտները չեն անտեսի դպրոցը` ապավինելով կրկնուսույցներին` լրացուցիչ ֆինանսական բեռ դնելով ծնողների ուսերին
Շատերին թվում է, թե նորարարությունը կտրում է արմատներից, անպայման ինչ-որ մեկի շահերից է բխում կամ դեմ է ինչ-որ մեկին: Սակայն ժամանակի մեջ է ամեն ինչ օբյեկտիվ գնահատական ստանում»: