ԴԱՀԿ-ն արձագանքել է Պաշտպանին
ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը պատասխանել է Մարդու իրավունքների պաշտպանի 2012 թվականի զեկույցում ԴԱՀԿ-ին վերաբերող դիտարկումներին: «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. տարեկան զեկույցում ծառայության գործունեության վերաբերյալ տրված ընդհանրական և իրականությանը չհամապատասխանող գնահատականների կապակցությամբ:
Ծառայությունը հարկ է համարում նշել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ստացված առանձին դիմում-բողոքները չեն կարող բնութագրել ծառայության գործունեությունն ամբողջությամբ և հիմք հանդիսանալ նման ընդհանրացված եզրակացությունների հանգելու համար», -ասված է ԴԱՀԿ լրատվական ծառայության հայտարարության մեջ:
ՄԻՊ-ն իր զեկույցում մանսավորապես նշել էր. «Մտահոգության տեղիք է տալիս, որ ձևավորված անօրինական պրակտիկայի համաձայն' ԴԱՀԿ ծառայության կողմից կատարողական գործողությունների իրականացման համար սահմանված երկամսյա ժամկետը չի պահպանվում:
Բազմաթիվ են դեպքերը, երբ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից ոչ հետևողական աշխատանքների իրականացման արդյունքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չեն կատարվում, հետախուզման մեջ գտնվող պարտապան ֆիզիկական անձանց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում, դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները չարամտորեն չեն կատարվում, և արդյունքում համապատասխան մեղավոր անձիք պատասխանատվության չեն ենթարկվում»: