Նոր միջոցառումներ` ուղղված տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը
2013 թվականը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար հագեցած կլինի նոր միջոցառումներով ու ծրագրերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) նախագահ Հովհաննես Ավոյանը:
Նրա խոսքերով` 2013 թ-ին հատկապես մեծ ուշադրություն է դարձվելու կրթական ոլորտին: Մասնավորապես, Հ.Ավոյանը նշեց, որ Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ԱՆԵԼ) օրինակով` կստեղծվի լաբորատորիաների համախումբ, որն ուղղված կլինի ծրագրավորմանը և այլ ՏՀՏ գիտելիքների զարգացմանը: Նախատեսվում է, որ վերոհիշյալ ծրագրերի արդյունքում 2 տարի անց տեխնոլոգիական ոլորտում կարտադրվեն բարձր որակավորմամբ 3000-4000 մասնագետներ:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքերով` տեխնոլոգիական հայությանը համախմբելու, մարդկանց ուշադրությունը ոլորտի նկատմամբ սևեռելու և Հայաստանը տեխնոլոգիական զարգացած երկիր դարձնելու նպատակով` այս տարի նախաձեռնում են իրականացնել նոր միջոցառումներ տարբեր տարիքային խմբերի համար:
Կ. Վարդանյանի խոսքերով` միությունն այս տարի շեշտադրում է հատկապես տեխնոլոգիաների կիրառումն այլ ոլորտներում: Այդ նպատակով կազմակերպվելու է «Բիզնես Ինովացիոն ֆորումը», որը տեղի կունենա նոյեմբերի 8-10-ը Դիլիջանում: Առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է մեկտեղել բարձր տեխնոլոգիական ոլորտի գործարարներին և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների ղեկավարներին` ձևավորելով բիզնես հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, շփումների, ծրագրային ներկայացումների միջոցով կձևավորվեն նախադրյալներ բիզնեսի արդյունավետության բարձրացման համար: Միջոցառման ընթացքում արծարծվող հիմնական թեմաներից կլինեն` էֆեկտիվ բիզնեսի կազմակերպման առանձնահատկությունները Հայաստանում, բիզնես միջավայրի բարելավման օրենսդրական, վարչարարական և կազմակերպչական խնդիրները, տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության տարբեր ոլորտներում:
Տեխնոլոգիաների կիրառմանն է նվիրված լինելու նաև ամենամյա «ԴիջիԹեք բիզնես ֆորումը. ակնկալվում է, որ այս տարի ֆորումը կունենա 50 մասնակից կազմակերպություն և ավելի քան 1500 այցելու: Հոկտեմբերի 4-6-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը կրող 9-րդ միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսը: Նախատեսվում է, որ այս տարի ցուցահանդեսը կունենա 26.000 այցելու (անցած տարվա 24.000-ի փոխարեն) և 150 մասնակից ընկերություն (նախորդ տարվա 120-ի փոխարեն):
Կ.Վարդանյանը կարևորեց նաև հայկական տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների մասնակցությունը Վրաստանում կայանալիք ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI), ինչը, ըստ նրա, նպաստում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացմանը` որպես հուսալի և արդյունավետ միջավայր ներդրողների համար, կապահովի «Made in Armenia» բրենդի առաջխաղացումը:
Նշվեց, որ ԻՏՁՄ-ն նախատեսել է նաև ստեղծել հայկական ինժեներական շտեմարան: Այստեղ կընդգրկվեն մասնագետներ սփյուռքից և Հայաստանից, ովքեր կցանկանան մասնակցել հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և՛ հենց մեր երկրում և՛ երկրի սահմաններից դուրս:
2013 թվականին միության ուշադրության ներքո կլինեն նաև տեխնոլոգիական ոլորտի շահերի պաշտպանությանը նվիրված մի շարք խնդիրներ, որոնցից են էլեկտրոնային առևտուրը, տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացները և այլն: Շահերի պաշտպանության ծրագրերի իրականացման գործընթացում միությանն աջակցում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը: