Միրչա Լուչեսկու. ««Բորուսիան» արժանիորեն անցավ հաջորդ փուլ»
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման ելքը:
«Արժանի հաղթանակ էր, և «Բորուսիան» արժանիորեն անցավ հաջորդ փուլ: Այս երեկո դա մի թիմ էր, որին հաղթելը դժվար էր,- շեշտել է Լուչեսկուն:- Կրկին կնշեմ, որ դա արժանի հաղթանակ էր: Հույսեր կային մինչև 30-րդ րոպեն, քանի դեռ մրցակիցը ոչինչ չէր ստեղծել, իսկ մենք սպասում էինք հակագրոհի հնարավորությանը: Ցավոք, մրցակիցն անկյունայինի խաղարկումից հետո գոլ խփեց, և դրանից հետո մեր պլանները փոխվեցին: Ճակատագրական էր 30-ից 37-րդ րոպեն ընկած ժամանակահատվածը, երբ մրցակիցը ևս մեկ գոլ խփեց մեր սխալից հետո: Ընդմիջմանը ֆուտբոլիստներին ասացի, որ փոխեն խաղը, և դա նկատելի էր մեկնարկային 15 րոպեի ընթացքում: Սակայն մեր դարպասապահի սխալը, հավանաբար, ամեն ինչին վերջակետ դրեց: Գրոհում էինք, խլել էինք նախաձեռնությունը, աշխատում էինք գոլ խփել և հետո ևս մեկ անգամ դա անել, բայց դարպասապահի սխալը հանգեցրեց երրորդ գոլին, և սկզբունքորեն ամեն ինչ ավարտվեց:
Դրական էր այն, որ երկրորդ խաղակեսում մենք փոխեցինք խաղը, սկսեցինք ավելի շատ գրոհել և ավելի լավ էինք վերահսկում գնդակը: «Բորուսիան» արդեն նստել էր իր կիսադաշտում և գործում էր հակագրոհներով: Այն, որ «Բորուսիան» է առաջ շարժվում, այդ թիմի լիակատար վաստակն է:
Եվս մեկ հանգամանք. խաղն սպասարկում էին 5 մրցավարներ, որոնցից երկուսը գտնվում են դարպասների հետևում, և նրանցից ոչ ոք չտեսավ, որ ձեռքով խաղ է եղել, չնայած հաշիվը 0:3 էր: Դա արդարացում չէ, բայց եթե նույնիսկ այսպիսի հաշվի պայմաններում 11 մետրանոց չեն նշանակում, այդ դեպքում ինչո՞ւ են ընդհանրապես գտնվում դարպասի հետևում:
Ուզում եմ «Բորուսիային» հաջողություններ մաղթել, ցանկանալ, որ խաղա եզրափակչում: Դա շատ ուժեղ թիմ է և շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում: Իսկ մեզ անհրաժեշտ է թարմացնել թիմը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները