Բունդեսթագի նախագահը բարձր է գնահատում հայ խաղաղապահների ծառայությունը
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևանում պաշտոնական այցելությամբ գտնվող Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթին։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-գերմանական հարաբերությունների բարձր մակարդակի՝ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, գիտակրթական և մշակութային փոխանակումների կապակցությամբ։ Որպես բարեկամական հարաբերությունների ընդլայնման կարևոր ձևաչափ երկուստեք ընդգծվել է խորհրդարանական ակտիվ համագործակցության կարևորությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, իրականացվող ծրագրերի և Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցությունների վերաբերյալ։
Բունդեսթագի ղեկավարի խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Նորբերթ Լամերթը բարձր է գնահատել Աֆղանստանում անվտանգության աջակցման ուժերի գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայությունը: