Շահեն Խաչատրյան. Աշխարհում սրտի ամենաէժան վիրահատությունը կատարվում է Հայաստանում
Սիրտ-անոթային հիվանդությունները տարածված են ամբողջ աշխարհում: Վիճակագրության համաձայն, մահացության դեպքերի զգալի հատվածը սիրտ-անոթային հիվանդություններով տառապող հիվանդներն են: Այս մասին ասուլիսում ասաց «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնի ղեկավար Շահեն Խաչատրյանը:
Բժշկի ներկայացմամբ, սիրտ-անոթային հիվանդությունները բազմաթիվ են` բարձր զարկերակային ճնշում, սրտամկանի ինֆարկտ, ուղեղային ինսուլտ և այլն: «Սրտամկանի ինֆարկտն ամենամահաբերն է»,- ընդգծեց նա` հավելելով, որ որևէ բժշկի չի հաջողվել բուժել ինֆարկտը, այն նաև հաշմանդամություն է առաջացնում:
Շ. Խաչատրյանի խոսքով, բոլոր երկրներում այս հիվանդության դեմ պայքարը ոչ միայն բժշկական է, այլ նաև սոցիալական. պետությունը անմիջական մասնակցություն է ունենում:
Հիվանդության առաջացման պատճառները ներկայացնելիս, մասնագետը նշեց, որ հստակ փաստեր կան, որ ամեն մարդ գենետիկական նախախնամություն ունի: Միաժամանակ նա հավելեց, որ դեռևս մանկապարտեզից, դպրոցից պետք է լուսաբանել, թե սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը նպաստող ինչպիսի կենղացային պայմաններ կան, որոնցից պետք է հրաժարվել` սթրեսներ, ճարպակալում և այլն:
Շ. Խաչատրյանն ընդգծեց, որ հիվանդությունները ավելի հեշտ է լինում կանխարգելել կամ բուժել, եթե մարդ շուտ է դիմում բժշկի: «Մեր հանրապետության ամենածանր սիտուացիան այն է, որ չեն դիմում բժշկի»,- ցավով նշեց նա` հորդորելով, որ անմիջապես պետք է դիմել բժշկի:
Այսօր Հայաստանում հինգ հիվանդանոց է գործում, որ զբաղվում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժմամբ, կատարում է սրտի վիրահատություններ: Շ. Խաչատրյանի կարծիքով, այդքան հիվանդանոց ունենալը սխալ է, այլ հարկավոր է ունենալ 2 կլինիկա, որոնք լինեն շատ լավ հագեցած բժշկական տեխնիկայով, նաև բժիշկները լինեն պրոֆեսիոնալ:
Շահեն Խաչատրյանը նշեց, որ սրտի վիրահատությունները հարուստ երկրներում կատարվում են 25-30 հազար դոլարով: «Մենք աշխարհում կատարում ենք սրտի ամենաէժան վիրահատությունը` վեցից-ութ հազար դոլարի սահմաններում: Իհարկե, սա թանկ է Հայաստանի նման երկրի համար»,- ասաց բժիշկը, սակայն հավելեց, որ իրենք ձեռք են բերում անհրաժեշտ տեխնիկա, որը բավականին թանկ է: Հայաստանում բժշկական բիզնեսը, ըստ նրա, անհեթեթ է: Հայաստանում տարեկան 3000 մարդ սրտի հետ կապված միջամտության կարիք է ունենում: Այսինքն, ըստ բժշկի, պետությունը պետք է իր բյուջեով նախատեսի այդքան մարդու համար բյուջետային հատկացումներ, սակայն այսօր դա դեռ չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու