Ա.Ադիբեկյան. Երևանի ավագանու ընտրություններում միայն ԲՀԿ-ն կարող է լուրջ մրցակից դառնալ ՀՀԿ-ին
Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է որպես երկրի նախագահ դիտվել, բայց որպես Երևանի քաղաքապետ՝ ոչ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
ԲՀԿ-ն, ըստ նրա, լուրջ լծակներ ունի, որպեսզի կարողանա վերականգնվել, քանի որ այս պահին փոքր-ինչ պասիվ դերակատարում ունի ներքաղաքական դաշտում: ԲՀԿ-ն, մասնավորապես, ունի լուրջ ռեսուրս, ունի տեղական շտաբեր, որոնք աշխատում են և կաշխատեն և սխալ է, ըստ Ահարոն Ադիբեկյանի, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը համարել քաղաքական դիակ: Եվ բացի այս՝ միայն ԲՀԿ-ն կարող է լուրջ մրցակից դառնալ ՀՀԿ-ին, քանի որ այս կուսակցության գաղափարախոսությունը մոտ է մարդկանց՝ լավ ապրել, բարեկեցիկ և այլն: Ուղղակի, շեշտեց նա, հարկավոր է ավելի գրագետ մոտենալ այս ընտրություններին, քան նախորդ Երևանի ավագանու ընտրություններում:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե ԲՀԿ-ի ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում կարող է գլխավորել ՀՀ երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանը, սոցիոլոգը դա համարեց քաղաքական դիցաբանության շարքից: Սակայն նշեց, որ այդ դեպքում ԲՀԿ-ն իրականում կուժեղանա, քանի որ դրա շարքերում կան մարդիկ, որոնք շարունակում են մնալ Ռ.Քոչարյանին հավատարիմ և շատ հավանական է, որ այդպիսով կարող են արձագանքել նրա կոչին: Բայց իմանալով նրանց փոխհարաբերությունները գործող նախագահի հետ և իմանալով, որ ղարաբաղցիների նկատմամբ որոշակի վերաբերմունք կա, Ա.Ադիբեկյանը դա անհավանական համարեց:
Թե որքանով Լևոն Տեր-Պետրոսյանի ռեսուրսը կբավարարի նրանց հաղթահարելու 6 տոկոսը՝ Ա.Ադիբեկյանը հարցականի տակ վերցրեց:
Ամենից մեծ շանսերն ունի ՀՀԿ-ն, քանի որ երևանցիները հիմնականում գոհ են ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանից՝ դեռևս դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքում հարցվածները նշել են, որ ներկա քաղաքապետը բավականին լուրջ բարեփոխումներ է անցկացրել: Տ.Մարգարյանի օրոք, ներկայացրեց բանախոսը, երևանցիները զգացին քաղաքի հոգատար ձեռքի առկայությունը, որի շնորհիվ բարեկարգվեցին շենքերի արտաքին տեսքը, մուտքերի վիճակը, նստարաններ հայտնվեցին և այլն: Թեև հավելեց, որ գոյություն ունեն համայնքային տարբերություններ, ընդ որում որքան էլ տարօրինակ է, բայց ամենից դժգոհ են Կենտրոնի բնակիչները, առավել գոհ են Ավանում: