ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հետ «Ժառանգության» համագործակցությունը բազմաթիվ խնդիրներ ունի
Անդրադառնալով հետընտրական զարգացումներին` «Голос Армении»-ն նկատում է, որ Ր. Հովհաննիսյանի «Բարև»-ի հեղափոխությունը կամաց-կամաց տրանսֆորմացվում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի: «Ժառանգության» առաջնորդը դեռ անձամբ չի շոշափում այդ թեման, սակայն նրա փոխարեն դա անում է Ազատության հրապարակում Ր. Հովհաննիսյանին միացած ՀՅԴ-ն, որն առաջարկում է Երևանի ավագանու ընտրություններում հանդես գալ միասնական բլոկով, այն է` ՀՅԴ-«Ժառանգություն»-ՀԱԿ-ԲՀԿ: Թերթը նշում է, որ «Ժառանգության» հետ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միացման հարցում բազմաթիվ բարդություններ և ստորջրյա քարեր կան, որոնք շրջանցելը դժվար կլինի: Հատկանշական է այն փաստը, որ երկրի կեսին բարևած Ր. Հովհաննիսյանը ոչ մի կերպ չի կարողանում բարևել ՀԱԿ ապագա կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ըստ «ГА»-ի` առաջին նախագահի համար բավականին նվաստացուցիչ կլինի Երևանի ավագանու ցուցակում երրորդ կամ չորրորդ տեղը գրավել «Ժառանգության», ՀՅԴ-ի կամ ԲՀԿ-ի ներկայացուցիչներից հետո:
ԲՀԿ-ի հետ «Ժառանգության» առաջին խորհրդակցություններն արդեն կայացել են, սակայն այստեղ նույնպես շատ խոչընդոտներ կան: Ժամանակին ԲՀԿ-ն ժառանգականներին մարդատեղ չէր էլ դնում, և վերջիններս նույն կերպ էին պատասխանում, իսկ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նախագահական ընտրություններից առաջ բացահայտ հայտարարել էր, որ ընդդիմության միասնական թեկնածուն չի կարող «օլիգարխ» լինել:
«ГА»-ն նկատում է, որ եթե ԲՀԿ-ն ցանկանա մտնել ընդդիմադիր կոալիցիայի մեջ, ապա միմիայն առաջատարի դերում, քանի որ բարգավաճականներն առանց «Ժառանգության» և «ՀՅԴ»-ի էլ շատ հանգիստ կարող են ապահովել իրենց անցողիկ տեղերը մայրաքաղաքի ավագանու ընտրություններում: Ուստի, Ր. Հովհաննիսյանի առաջ լուրջ հարց է ծառացած` գնալ Երևանի ավագանու ընտրություններին «հեղափոխական հոսանքո՞վ», թե՞ քաղաքական այլ ուժերի հետ կոալիցիայով` հաշվի առնելով, սակայն, որ այդ ուժերն ունեն իրենց սեփական քաղաքական շահերը և շատ հանգիստ կարող են խլել Ր. Հովհաննիսյանից առաջնորդի ղեկը: