Րաֆֆի Հովհաննիսյան. «Պայքարը ապրիլի 9-ից այն կողմ չի ձգվելու, բայց արյուն չի լինելու»
Մինչ ապրիլի 9-ը բոլոր խոպան գնացած հայրերը, եղբայրները, տղաները պետք է հետ գան,- արթիկցիների հետ հանդիպմանը խոստացավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Որևէ անհստակություն կա՞ իմ խոսքի մեջ. մինչև ապրիլի 9-ը»,-հարցրեց Հովհաննիսյանը, ինչին մի քանի մարդ արձագանքեց` չկա, չկա:
Հովհաննիսյանը նշեց` «որքան էլ բաժանեցին, կեղծեցին, կաշառեցին, Արթիկը ասեց` 52 տոկոս` իրենց մաթեմատիկայով»: Այս բնակավայրում էլ Հովհաննիսյանը խոստացավ մինչև կյանքի վերջ ամեն ինչ անել Արթիկի համար:
«Հայրենակիցներ, ճամփա ենք ընկնում, սա պայքար է, պայքարը ապրիլի 9-ից այն կողմ չի ձգվելու, բայց արյուն չի լինելու: Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը` Սերժը, Ռոբերտը, կամ որևէ մեկը` թշնամի, թե հարևան, հայ մարդու մի կաթիլ անգամ արյուն թափի: Թույլ չեմ տա: Ես հասկանում եմ ձեր ցավը, հասկանում եմ, որ դուք ցանկանում եք մի օրվա մեջ պրծնեք այս կեղծիքից, բայց ձեզ կոչ եմ անում` ոչ այդպես չի, սա նոր Հայաստանն է, սա Կարինի, սա նոր սերնդի Հայաստանն է»,-ասաց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը հայտարարեց, որ հաղթական Արթիկից ուղևորվում է հաղթական Գյումրի, ապա հիշեցրեց հանդիպումների գրաֆիկը` մարտի 8-ին և 10-ին` Ազատության հրապարակ: