Ճարտարապետներն անհանգստացած են. ԱԳՆ շենքը` վարչական կառույցի կերպար է (տեսանյութ, լուսանկարներ)
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մտավախություն ունի, որ արտաքին գործերի նախարարության շենքը կվերափոխվի: «Մենք շատ ենք վախենում, որ նա կկորցնի իր հմայքը, իր նշանակությունը»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց Մ. Մինասյանը: Նրա խոսքով, ինքն ու մյուս ճարտարապետները ցանկանում են պետությանը օգնել, «որպեսզի սխալներ չառաջանան` լավ գիտակցելով, թե ճարտարապետությունն ու ճարտարապետական նշանավոր կառույցները ինչ հսկայական ներուժ են պարունակում իրենց մեջ»:
Մասնագետի դիտարկմամբ, եթե ԱԳՆ շենքը վերափոխվի ու զրկվի նշանակությունից, ապա կդառնա զուտ «գեղեցիկ հյուրանոց, որտեղ մուտք ու ելք կանեն լրիվ ուրիշ մարդիկ»: «Թող անեն, բայց դրա համար կան, ավելի լավ հյուրանոցներ»,-նկատեց մասնագետը, ավելացնելով, որ` եթե իմանար շենքը վաճառքից հետո կվարադարձվեր վերանորոգված ու պահպանված վիճակում, ապա որևէ խնդիր չէր լինի:
«Բայց մենք վերջին տարիներին կորցրել ենք շատ նշանակալից կառույցներ, և հենց վստահության պակասը թույլ է տալիս մի քիչ ավելի կոշտ լինել»,-ասաց միության նախագահը:
Մ. Մինասյանը հիշեցրեց, որ կառավարությունը երկու տարի առաջ կտրուկ հերքում էր վաճառքի մասին լուրերը:
Ասուլիսի մյուս բանախոս, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նկատեց, որ վիճահարույց տարածքը ոչ միայն վարչական շենք է, այլև մեր պետականության սիմվոլներից մեկն է:
«Դա Հանրպետության հրապարակի համալիրի մի մասն է, իսկ համալիրն ամբողջությամբ գնահատված է որպես հանրապետական նշանակության հուշահամալիր»,-ասաց ճարտարապետը:
Մասնագետի խոսքով, օրենքը չի արգելում հուշարձանը վաճառել կամ այն փոփոխության ենթարկել, բայց օրենքը սահմանում է կարգ վաճառքի ու փոփոխություն կատարելու, «որն այս պարագայում շրջանցվել է»:
«Ես կարող եմ բազում հղումներ անել գործող օրենքի վրա, բայց իմաստ չունի այս պարագայում, քանի որ բոլորը գիտեն: Իրենք էլ գիտեն, կառավարության այն որոշումը, որով շենքը հանվել է աճուրդի, կտեսնենք, որ սևով սպիտակի վրա գրված է, որ գույքի գործակալությունն իր վրա պարտավորություններ է վերցրել, որն իրեն վերագրված չէ»,-ասաց ճարտարապետը, ավելացնելով.
«Մի՞թե չեն տեսնում: Տեսնում են, բայց ինչ-ինչ պատճառներով գնում են խախտման, ինձ չի հետաքրքրում պատճառը, ինձ հետաքրքրում է հուշարձանի պահպանման խնդիրը»:
Ս. Քալաշյանը նկատեց, որ ցանկացած ճարտարապետական հուշարձան ներկայանում է նաև իր ներքին բովանդակությամբ: «Դուք եթե այդ շենքին նայեք, երբևիցե ձեր մտքով չի անցնի, որ այնտեղ կարող է հյուրանոց լինել, որովհետև դա կառավարական շենքի կերպար է: Հիմա նույն է, թե դարձնենք շուկա կամ սուպերմարկետ»,-նկատեց մասնագետը:
Նախորդող նորություններ`
Հանրապետության հրապարակը կառուցվել է որպես տաճա՞ր. «Կարծում եք պատահակա՞ն են եկեղեցու տարրերը»
Գնորդ չլինելու պատճառով ԱԳՆ շենքի աճուրդը չի կայացել
Ճարտարապետների միության նախագահը դիմել է երկրի ղեկավարին. «Անհապաղ կասեցնել Կառավարական 2-րդ մասնաշենքի աճուրդի գործընթացը»
Ա. Գրիգորյան. ԱԳՆ-ի շենքի գնորդը սեփականատիրոջ իրավունքը ձեռք բերելով մեխանիկորեն ձեռք է բերում նաև այն ձևափոխելու իրավունքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու