25 ուսանողներ ստացել են Orange Արմենիա Հիմնադրամի սահմանած կրթաթոշակները
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) և Հայաստանում ֆրանսիական համալսարանի 25 ուսանողներ ստացել են Orange Արմենիա Հիմնադրամի սահմանած կրթաթոշակները: Այս մասին հայտնում են ՀՊՃՀ-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից:
ՀՊՃՀ այցելած Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերի հետ հանդիպման ժամանակ ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանն անդրադարձել է Պոլիտեխնիկի և մասնավոր սեկտորի կազմակերպությունների միջև առկա համագործակցության ձևերին, որոնց մեջ, անշուշտ, իր տեղն ունի Հայաստանի տնտեսության մեջ կարևորագույն խնդիրներ լուծող ընկերություններից մեկի` Orange Արմենիայի հետ համագործակցությունը: «Ես Պոլիտեխնիկի անունից գոհունակություն եմ հայտնում մինչ այժմ իրականացված ծրագրերի համար։ Հուսով եմ, որ այս համագործակցությունը ժամանակի ընթացքում հետզհետե կընդլայնվի, և սոցիալական բարեգործական ծրագրերը կվերափոխվեն գործընկերային փոխգործակցության, և կարծում եմ, որ առաջիկայում կնքվելիք պայմանագիրը նոր հորիզոններ և նոր միջավայր կստեղծի հետագա աշխատանքների և ծրագրերի համար»,- ասել է ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանը։
Orange Հիմնադրամը ՀՊՃՀ-ին փոխանցել է 1 500 000 դրամ, որը հատկացվել է ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են բուհերի առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա` ուսանողի առաջադիմություն և ընտանիքի սոցիալական վիճակ: Նույն սկզբունքով այս ուսումնական տարվա ընթացքում Orange-ը նախատեսել է տրամադրել կրթաթոշակներ 7 համալսարանների ուսանողների:
«Առանձնահատուկ ուրախությամբ եմ եկել այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան և կարևորում եմ մեր ընկերության համագործակցությունը Պոլիտեխնիկի հետ, որտեղ պատրաստվում են հեռահաղորդակցության բնագավառի մասնագետներ: Orange Արմենիայի համագործակցությունը բուհի հետ չի սահմանափակվում միայն կրթաթոշակների տրամադրմամբ։ Ամեն տարի Orange ընկերությունը մասնագիտական պրակտիկայի համար միջինը 8-10 ուսանող է ընդունում Պոլիտեխնիկից։ Այսուհետ ցանկանում ենք ընդլայնել համագործակցության շրջանակները և ավելի մեծ թվով ուսանողներ ընդունել ոչ միայն բակալավրիատից, այլև մագիստրատուրայից»,- ասել է Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Խոսելով գիտական դաշտում համագործակցության հնարավոր ձևաչափերից` Ֆրանսիս Ժելիբտերը ցանկություն է հայտնել, որպեսզի ծրագրեր իրականացվեն Ֆրանսիայում Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներում ՀՊՃՀ երիտասարդ կադրերի վերապատրաստման ուղղությամբ, քանի որ ընկերության գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկը նորարարությունը խթանելն ու բարձրակարգ մասնագետներին նորաստեղծությամբ զբաղվելու հնարավորություն տալն է։
Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցությունը մեկնարկել է երկու տարի առաջ: 2011թ. Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 6 համալսարանի 67 ուսանողների, իսկ 2012-ին՝ 9 համալսարանի 95 ուսանողների, որոնցից 70-ը՝ Հայաստանի մարզերում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա