2013թ-ին Վիետնամում կբացվի Հայաստանի դեսպանությունը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը: Այսպիսով, առաջարկվում է 2013 թ. ՀՀ դեսպանություն բացել տարածաշրջանում կարևոր դերակատարություն ունեցող երկրներից մեկում` Վիետնամում, որը եռանդուն ներգրավվածություն ունի ԱՍԵԱՆ-ի և Չմիավորված երկրների շարժման շրջանակներում, ինչպես նաև զգալի կշիռ` ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություներում:
Վերջին տարիներին Վիետնամի տարածաշրջանային և միջազգային դերակատարությունը զգալիորեն ակտիվացել է: Երկրի տնտեսության կառուցվածքը և զարգացվածության աստիճանը լավ հնարավորություններ են ընձեռում նրա հետ առևտրի և ներդրումների ոլորտներում համագործակցության ծավալման համար: ՎՍՀ-ն պատրաստակամություն է դրսևորում ապահովելու ՀՀ-ի հետ միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացում: Վիետնամի հետ հարաբերությունների զարգացման որակապես նոր մակարդակ է արձանագրվել ՀՀ Նախագահի և ՀՀ ԱԳ նախարարի՝ 2012թ. ընթացքում կատարած այցերի շնորհիվ: ՀՀ Նախագահի այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն ապահովելու համար տրվել է ՀՀ Նախագահի հանձնարարականը, որով նախատեսվում է նաև ՎՍՀ-ում ՀՀ դեսպանության հիմնումը 2013 թ.:
Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության հիմնավորման` 2013 թ. ՀՀ դեսպանության հիմնումը Վիետնամում հնարավորություն կտա ոչ միայն արդյունավետ օգտագործել երկկողմ գործակցության առկա ներուժը, այլև կխթանի շփումները տարածաշրջանի երկրների հետ, որով այդ դիվանագիտական ներկայացչությունը ձեռք կբերի տարածաշրջանային նշանակություն: Դեսպանության բացումը իր նպաստը կունենա նաև գործարար կապերի աշխուժացման և առևտրաշրջանառության զարգացման հարցում:
Հարավ-Արևելյան Ասիան աշխարհի ամենադինամիկ զարգացող տարածաշրջաններից է, որը ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ քաղաքական համեմատական կայունության շնորհիվ, գնալով նշանակալից տեղ է գրավում ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգում: Նույնը վերաբերվում է տարածաշրջանում գործող միջազգային կազմակերպություններին, նախ և առաջ` ԱՍԵԱՆ-ին և Չմիավորված երկրների շարժմանը (ՉԵՇ): Հարավ-Արևելյան Ասիայի երկրների հետ ՀՀ կապերի ինտենսիվացումը ժամանակի հրամայականն է: Նկատի ունենալով տարածաշրջանի հեռավորությունը, ՀՀ կարիք ունի դիվանագիտական հենակետերի, որոնցից ելնելով հնարավոր կլինի ծածկել ողջ տարածաշրջանը, ինչպես նաև խրախուսել ԱՍԵԱՆ-ի երկրների հետ հարաբերությունների զարգացումը, այդպիսով ապահովելով ԱՍԵԱՆ-ում ՀՀ առավել ներգրավվածությունը: