Նկարչուհի Ադա Գաբրիելյան. Կինն էր ստեղծում աշխարհը, արարում կյանքը
«Շատ վաղեմի ժամանակներում՝ քաղաքակրթության ամենասկզբում, կանացի սկբունքը պաշտվում էր որպես միակ աստվածություն, որը արարում էր կյանքը: Դա կապված էր հողը մշակելու քաղաքակրթության հետ, այսինքն՝ կանացի սկզբունքն էր, որը արարում էր բուսական կյանքը հողի վրա: Ընդհանրապես, հին աշխարհում համարվում էր, որ կինն էր ստեղծում աշխարհը, ինչպես «Սասունցի Դավիթ» էպոսում Ծովինարը ստեղծեց Սանասարին ու Բաղադասարին, որոնք արև-լուսին նշանակությունն ունեն: Կանացի սկզբունքն էր, որ ստեղծում էր նույնիսկ տիեզերքը, տիեզերական ամբողջ պատկերը»,- շնորհավորելով հայ կանանց մարտի 8-ը, Panorama.am-ի հետ զրուցում կնոջ աստվածային, արարչագործական բնույթն այսպես ներկայացրեց նկարչուհի Ադա Գաբրիելյանը:
Այնուհետև, ըստ նրա, «ներխուժեց» տղամարդը, ով արևի դերն է տանում. մայր հողի վրա ոչ միայն կանացի սկզբունքն է արարչություն գործում, այլ նաև արևը: «Արևի էներգիան և մայր հողի էներգիան միասին համագործակցելով՝ ստեղծել են ամբողջ կյանքի համայնապատկերը»,- կնոջ ու տղամարդու կապն էլ այսպես բնութագրեց արվեստագետը:
Խոսելով տարբեր ժամանակաշրջաններում հասարակությունում կնոջ դերի մասին, առանձնացնելով ստրկատիրական կարգերը, որի ժամանակ կինը «իսկույն դարձավ ստրուկ, կնոջը սկսեցին վաճառել», նշեց, որ վերջին 200-ամյակի ընթացքում կանայք ուզում են ազատություն ձեռք բերել, որպեսզի իրենք տնօրինեն իրենց բախտը, ոչ թե լինեն ինչ-որ մեկի սեփականությունը: «Աֆրիկյան ցեղերում ոչ մեկ ոչ մեկին չի շահագործում, կան ցեղեր, որտեղ կանայք են ղեկավարում: Նրանց դեմքի գեղեցկությունը ես չեմ փոխանակի նույնիսկ Անգլիայի թագուհու քաղաքակիրթ դեմքի հետ: Չտեսնված մարդկային գեղեցկություն կա այնտեղ, քանի որ հասարակության մեջ ամեն մեկն իր դերն է կատարում, չի մտածում մեկին շահագործի, ծնկի բերի, առնի»,- նման դիտարկում արեց Ադա Գաբրիելյանը:
Նա նաև նշեց, որ այսօրվա աղջիկներն էլ շատ ավելի ազատ են, քան նախորդ սերունդները: Նրա կարծիքով, դա լավ է, բայց ազատությունն էլ ունի իր սահմանները. «Ամեն ինչ լավ է, երբ ոսկե միջին վրա է: Ծայրահեղությունները բացասական իմաստ ունեն, քանի որ արարչությունը սկսվում է, երբ կողմերը հավասար են»:
Այսօրվա հայ կինը, նրա դիտարկմամբ, չնայած մեծագույն դժվարություններին, էլի ձգտում է սովորել, զարգացած լինել:
Նկարչուհի Սուսաննա Աբովյանի համար հայ կնոջ նախընտրելի կերպարը այն է, որը «մեր մայրիկները, տատիկները ներարկել են, քանի որ ավելի կանացի, ջերմ, բարեգութ կանայք դժվար կարողանանք գտնել»: «Համոզված եմ, որ հիմիկվա ջահել աղջիկները նույն խմորից են, ուղղակի այն արհեստածին սիտուացիան, որի մեջ մտնում են, թելադրում է խաղի իր կանոնները, շատ դեպքերում երիտասարդ աղջիկը լինելով այլ մտածելարեպի, այլ կողմ է գնում»,- ասաց նա՝ մաղթում նրանց հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին, այն լավ հատկանիշներին, ինչ ստացել են: «Ժամանակները անցնում են, վերջում հասկանում են, որ մաման, տատիկը ճիշտ էին ասում»,- համոզված է նա:
Ադա Գաբրիելյանն էլ հայ կանանց ցանկացավ աշխարհի ամենալավ մաղթանքները. «Սրտանց ուղարկում եմ կանանց աշխարհի ամենալավ մաղթանքները, նվիրում եմ իրենց բարիություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները