11-րդ դարի Գառնու կամուրջը կորցրել է իր նախնական տեսքը… Ժամանակն է «մեղավոր»
2012 թվականին ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 110.000 ԱՄՆ դոլար է հատկացրել մշակույթի նախարարությանը` 11-րդ դարով թվագրվող Գառնու կամուրջը վերանորոգելու համար: Այն այսօր բավականին տարբերվում է իր նախնական տեսքից: Մարտի 11–ին ՀՀ մշակույթի նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա է նախատեսվում։ Այս նպատակով «Ֆեյսբուք»-ում հատուկ էջ է բացվել, որի անդամները ահազանգում են, որ «Գառնու 11-րդ դարի հայտնի կամուրջը ամբողջությամբ ապականվել է` ամրացման անվան տակ, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ Մշակույթի նախարարությունը»: «Պահանջում ենք մեկնաբանել ու պատասխան տալ այս հերթական վանդալիզմի ու հայոց դարավոր մշակութային այս արժեքի ոչնչացման համար»,- նշված է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:
Հարցերով դիմեցինք մշակույթի նախարարությանը` պարզելու, թե ինչքպես են այս «մեղադրանքները» հակադարձելու:
-Արդյո՞ք Գառնու 11-րդ դարի կամուրջը վերանորոգվել է հավատարիմ միջնադարյան կառույցի իր առանձնահատկություններին:
-Գառնու կամրջի /Ազատ գետի վրա/ կառուցման մասին ստույգ տեղեկություններ չեն պահպանվել, սակայն 11-րդ դարով թվագրվող մերօրյա հուշարձանը բազմիցս նորոգվել է և կրել փոփոխություններ, որոնք վերագրվում են հիմնականում ուշ միջնադարին: Կամրջի 11-րդ դարի կառույցից պահպանվել է միայն կամարակապի փոքրիկ հատված՝ վերակառուցվելով 13-14 դարերում: Կամրջի հենապատերը՝ թվագրվող 18-րդ դարով, եղել են ցածր և 1950-ական թվականներին ևս ենթարկվել են փոփոխությունների՝ վերաշարմամբ և նիշերի բարձրացմամբ: 2009 թվականին՝ սրբատաշ տուֆ քարով մասնակի նորոգվել է հենապատի խիստ վթարային հատվածը: Կամրջի նորոգման, վերականգնման նախագծային առաջարկները բազմիցս քննարկվել են ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում: 2012 թվականին հաստատվել է նախագիծ, ըստ որի կամրջի եզրապատերը վերականգնվել են պահպանված կամարի սրբատաշ քարերի շարվածքի օրինակով /հիմք է ընդունելով Ա. Բալասանյանի 1945 թ. չափագրությունը և Վ. Հարութունյանի «Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները» գրքում կատարած «կամրջի կառուցվածքը իրականացված է … սրբատաշ տուֆով և կրաշաղախով» նշումը/:
-Վերանորոգման շինարարական աշխատանքներ իրականացնելու համար հայտարարվել էր մրցույթ. ո՞վ կամ ո՞ր ընկերությունն է հաղթել ու իրականացրել շինարարական աշխատանքներ:
-Կամրջի վերականգնման և ամրակայման աշխատանքների իրականացման համար 2012 թ. ապրիլին հայտարարվել է մրցույթ` գնման բաց ընթացակարգով: Մրցույթին մասնակցել են չորս ընկերություններ: Հաղթող է ճանաչվել <<Տիգրան և Ավիկ>> ՍՊԸ-ն, որը իրականցրել է հուշարձանի վերականգնողական աշխատանքները:
-Կատարված աշխատանքում արդյո՞ք մշակույթի նախարարությունը որևէ թերացում, նախագծից շեղում չի արձանագրել: Այդյո՞ք այսօր՝ վերանորոգումից հետո, 11-րդ դարում կառուցված կամուրջն իր նախնական տեսքն ունի:
-Կամրջի վերականգնման ընթացքում ի հայտ են եկել հողային աշխատանքներից բացված լանջերի թեքությունների նոր տվյալներ, որը հանգեցրել է եզրապատերի վերականգնման նոր լուծումներով աշխատանքների՝ նոր տվյալների հիման վրա կատարվել է նախագծի լրամշակում և լրացուցիչ քննարկվել նախարարության գիտամեթոդական խորհրդում: Կամուրջը վերականգնումից և նորոգումից հետո չէր կարող ունենալ 11-րդ դարի նախնական տեսքը, քանի որ դարերի ընթացքում մի քանի անգամ ենթարկվել է փոփոխությունների, որոնք և թելադրել են կամրջի վերականգնման ներկա ճարտարապետական լուծումները: