Խուրշուդյան. Վերջնական որոշում չկա
ՀՅԴ ԳՄ շենքում երեկ երեկոյան տեղի է ունեցել «Ժառանգություն», ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը: «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ հանդիպմանը մասնակցել են «Ժառանգությունից» ինքն ու Ռուբեն Հակոբյանը, ԲՀԿ-ից` Նարիա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը:
«Քննարկվել են համագործակցության ձևաչափերի լայն շրջանակ, նաև Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափը»,-Panorama.am-ին ասաց Խուրշուդյանը: Առայժմ դրա վերաբերյալ ոչ մի որոշում չկա:
Հարցին, հնարավոր է հանդիպումները շարունակվեն, Խուրշուդյանն ասաց` չգիտի:
Այս հանդիպման նախաձեռնողը «Ժառանգությունը» չի եղել, Խուրշուդյանն ու կուսակից ընկերը մասնակցել են հրավիրվածի կարգավիճակով: Այդ պատճառով էլ մեր զրուցակիցը չկարողացավ նշել, թե ինչու հանդիպմանը չի մասնակցել ՀԱԿ-ը, չե՞ն հրավիրել, թե՞ չի ներկայացել:
ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» արդեն երկու օր կոնսուլտացաներ են անցկացնում:
«Արդեն երկու օր է` հանդիպում ենք և համագործակցության տարբեր խնդիրներ ենք քննարկում»,-ասաց Խուրշուդյանը: Նրա խոսքով, ՀԱԿ-ի հետ էլ բանակցում են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափի հարցերի շուրջ:
Արդեն կայացած հանդիպումների արդյունքում այս պահի դրությամբ հավանական համարո՞ւմ եք ավագանու ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալը, հարցրեցինք «Ժառանգության» ներկայացուցչին: Ասաց. «Դժվարանում եմ ասել, դա քննարկումների արդյունքում կարող է պարզ դառնալ, բայց չենք շտապում, քանի որ ունենք այլ առաջնահերթություններ: Այս պահին մեզ համար առաջնահերթ խնդիր է կեղծված ընտրությունների անվավեր ճանաչելը»:
Նախորդող՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» քննարկել են ընտրություններին միասին մասնակցելու հարցը