«Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի»… Դուշման Վարդանի ծննդյան օրն է
«Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ: Ես զինվորն եմ իմ երկրի: Կոչնչանան բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք վնասում են ազգի շահերին»: «Հայ ասելով ես հասկանում եմ Եղեռն, Պայքար, Տառապանք և Հաղթանակ…»: Սրանք հերոս, ֆիդայի Դուշման Վարդանի համոզմունքներն են:
Այսօր Դուշման Վարդանը (Վարդան Ստեփանյան) կդառնար ընդամենը 47 տարեկան: Սակայն…
Արցախյան պատերազմի հերոս Վարդան Դուշման Ստեփանյանը ծնվել է 1966 թ. մարտի 9-ին Երևանում: Սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան N32 միջնակարգ դպրոցում: 1984 թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում: Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին: «Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել և կռվեցի: Վատ զինվոր չեմ եղել և միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու»: Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:
1988 թ.-ից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում է իսկական լեգենդ: «Ամոթ է այն երիտասարդների համար ովքեր գնում են Ռուսաստան և դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ: Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ո՞վ պետք է դառնա զինվոր կամ սպա, ո՞վ պետք է կռվի»,- ասել է նա:
Արցախյան պատերազմի առաջին տարիներին համագործակցել է Հայ Դատի ռազմական թևի հետ: Արցախում զենքի պակաս կար և 1989 թ. Վարդանը հատուկ առաջադրանքով մեկնում է Մոսկվա, որտեղից աներևակայելի ճանապարհով, ազատվելով դեռևս գոյություն ունեցող Սովետական միության ստուգումներից, կարողանում է Հայաստան հասցնել զենք ու զինամթերք, որն հետո ուղարկվում է Շուշիի Բերդաձոր գյուղ: Այնուհետև ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ ստեղծում է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ֆիդայինները: «Սիրեք նրան (երկիր), ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է»,-նորակոչիկներին խորհուրդ էր տալիս Վարդանը:
Ընկերները նրան կոչում են «Դուշման»: Այս մականունը նրան տվել էին թուրքերը, որոնց դեմ կռվում էր և որոնց սարսափ էր ներշնչում: Դուշմանը մասնակցում է Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում տեղի ունեցող մարտերին, Արցախի Բադարա և Ասկերանի շրջանի Դագրավ գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմանը, Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին, Շուշին ազատագրմանը:
Շուշիի ազատագրումից հետո ընկերները երկար էին որոնել Վարդանին և գտել հայկական գերեզմանոցում: Նա շամպայն էր լցնում հին գերեզմանաքարերին` «Ցնծացեք, նախնիներ, Շուշին ազատագրվեց»:
1992 թ. մայիսին հրամանատարության որոշմամբ ստեղծվել է Շուշիի առանձին գումարտակ: Հրամանատարի փոխարինող է դարձել Դուշմանը: 1992 թ. հունիսին ադրբեջանական զինուժը` հզորացված Կիրովաբադում գտնվող սովետական 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի ուժերով, լայնածավալ հարձակում սկսեց Արցախի վրա: Ստանալով այս տագնապալի լուրերը հունիսի 14-ին Վարդանն արդեն Արցախում էր,որտեղ Մյուրիշենցի Ագո-ի(Аго) հետ սկսեց սահմանի այդ հատվածում թշնամուն հակահարված տալու աշխատանքներ նախապատրաստել:
«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»: Այդպես էլ եղավ... Զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից … «Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»: Վարդանը թաղված է Եռաբլուրում:
Վարդանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման» և «Մոր երախտագիտությունը Արցախ աշխարհի հերոս զավակներին» մեդալներով: Վարդանի անունով է կոչվում ազատագրված Շուշիի փողոցներից մեկը, ինչպես նաև ԵՊՀ ամբիոններից մեկը, բազմաթիվ դպրոցներում կան Վարդանի անունը կրող դասարաններ:
«Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի»… Դուշման Վարդան: