Րաֆֆի Հովհաննիսյան. Ես վախեցուկ չեմ
«Վարդենիսը հաղթել է: Ես կանգնած եմ ձեր կողքին մինչև տեսնենք մեր հաղթանակը: Չկասկածեք: Չեմ վախենում, վախեցուկ չեմ: Այլևս ոչ մեկը մեր հաղթանակը մեզանից չի վերցնելու և դուք դա տեսնելու եք»,-Վարդենիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Շարունակվում են Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելությունները: Այսօր նա Գեղարքունիքի մարզում է:
Դիմելով բնակիչներին, նա ընդգծեց, որ Վարդենիսը պետք է պահանջի արդարություն: «Դրոշակներ կան լույսերի վրա, դրանք Հայաստանի դրոշե՞ր են, թե՞ ուրիշ: Այսքան ամիսներ կան, իրենք վարձ վճարե՞լ են պետությանը, ձեզ վարձ տվե՞լ են, որ ձեր սեփականությունը օգտագործում են կուսակցական քարոզարշավի համար: Դրանց փոխարեն Հայաստանի պետական դրոշը, մեր պաշտամունքի աղբյուրը պետք է լինի: Վարդենիսը դա պետք է փոխի: Մյուս անգամ որ գամ, սրանք իջեցված լինեն, վարձը պետք է վճարած լինեն»,- ասաց Ր. Հովհաննիսյանը` մատնացույց անելով ՀՀԿ-ի դրոշները, որ կախված էին տարածքում:
Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզպետը, Վարդենիսի քաղաքապետը պետք է հրաժարական տան. «Վերջնագրով խոսող չեմ. առաջարկում եմ, որ այն մարդը, ով ժամանակին պարտաճանաչ պատգամավոր էր, հիմա մարզպետ է (Ռաֆիկ Գրիգորյան), իր կամքով հրաժարական տա, քանի որ խախտել է ձեր վստահությունը, չի պաշտպանել ձեր քվեն: Մարզպետը, քաղաքապետը, ամեն մեկը պետք է պատասխան տան»:
Այնուհետև իր խոսքում նշեց. «Մինչև ապրիլի 9-ը պարտավոր է պարոն Սարգսյանն ընդունել, որ կեղծվել են ընտրությունները, ինքնաբացարկ տա, ճանաչի ժողովրդի հաղթանակը կամ նվազագույնը նոր ընտրություն հրավիրի: Չվախենաք: Պարոն Սարգսյան, դուք վախեցուք չեք, դա ցույց եք տվել արցախյան ազատամարտում»: Ր. Հովհաննիսյանն ասաց, որ գնում է եկեղեցի մոմ վառելու ` «առաջին հերթին խիզախ վերդենիսցիների համար, մեր ընկած տղաների համար: Վառելու եմ մոմ, ճիշտ հասկացեք, պարոն Սարգսյանի, պարոն Գրիգորյանի, ձեր քաղաքապետի համար, որ մինչև ապրիլի 9-ը լավ մտածեն ու ճիշտ որոշում կայացնեն»: