ՍԴ-ում մեկնարկում է նախագահի նախկին թեկնածուների դիմումի քննությունը
Այսօր առավոտյան ժամը 10:00-ին Սահմանադրական դատարանում մեկնարկում է Հայաստանի նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների միասնական քննությունը: Թեկնածուները վիճարկում են «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը:
Միավորված գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը: Ըստ նույն աշխատակարգային որոշման, ՍԴ-ում դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հարակից պատասխանողներ` ՀՀ դատախազությունը և ՀՀ ոստիկանությունը:
ՍԴ-ում ԿԸՀ-ից լիազորված են մասնակցել հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը:
Սահմանադրական դատարանում գործի քննությանը Սերժ Սարգսյանի կողմից լիազորված են մասնակցել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը և Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի լիազորված անձն է Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում