Ղարաբաղյան հիմնահարց. Ֆրեյզերը մտահոգ է, որ դիվանագիտական հարաբերությունների ընթացքը երկարել է
«Պետք է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և շատ կարևոր է, որ Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծումը լինի այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակվել են այս կոնֆլիկտի լուծման համար», - այսօր Երևանում հայտարարեց Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը:
Դիվանագետը բարձր գնահատեց Մինսկի խմբի դերը բանակցային գործընթացում` գոհունակություն հայտնելով, որ շարունակվում են ակտիվ շփումները, բայց նաև մտահոգություն հայտնեց, որ «դիվանագիտական հարաբերությունների ընթացքը երկարել է»:
«Ես գնահատականներ չեմ տա, բայց կարևոր է աջակցել այդ գործընթացին, որպեսզի հասնենք բանակցային ճանապարհով լուծմանը՝ ուժի չկիռարման, տարածքային ամբողջականության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա», -ասաց Սայմոն Ֆրեյզները:
Ինչ վերաբերվում Բաքվից՝ Ստեփանակերտի օդանավակայանից մեկնող քաղաքացիական ինքնաթիռների վերաբերյալ հնչող սպառնալիքներին, ապա Միացյալ Թագավորության փոխարտգործնախարարը կոչ արեց զերծ մնալ որևէ սադրող քայլերից:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր կողմ պետք է բացառի, որ լինեն չնախատեսված հետևանքներ և պետք է ապահովի բոլոր գործընթացների առավելագույն թափանցիկություն», - ասաց նա:
Բանախոսը հրաժարվեց մանրամասնել իր կարծիքը, նշելով միայն, որ որևէ մեկնաբանություն չի կարող տալ. «Ես չեմ կարծում, որ իմ իրավասությունների շրջանակում է ավելի մանրամասն մեկնաբանություն տալ, հետևաբար ես այստեղ երևի կանգ առնեմ»,- պատասխանեց Սայմոն Ֆրեյզերը: