Շտաբ. Մինչ այդ ժամը չանհանգստացնել Րաֆֆի Հովհաննիսյանին
Ազատությանն հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին մարդիկ են այցելում, ողջունում նրա քայլը կամ հակառակը: Հովհաննիսյանի հետ հրապարակում ևս մի քանի քաղաքացի են հացադուլ հայտարարել: «Ժառանգության» առաջնորդը նրանց այսօր հորդորեց դադարեցնել:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ այսօր ժամը 17-ին Ազատության հրապարակում Հովհաննիսյանը հանդես կգա ասուլիսով:
«Խնդրում ենք մինչ այդ ժամը չանհանգստացնել պարոն Հովհաննիսյանին և չդիմել հարցազրույցի կամ մեկնաբանությունների համար»,-ասված է հայտարարության մեջ:
Երեկ երեկոյան Panorama.am-ի հանրահավաքի եկած մարդկանցից փորձեց պարզել, ինչպես են գնահատում Հովհաննիսյանի` հացադուլի նստելու քայլը:
«Կթուլանաս, բալիկ ջան»,-Րաֆֆուն դիմելով ասաց մի տարեց կին:
«Մեղք է, թող չնստի»,-նկատեց մեկ այլ կին:
«Մեղքի հարցը չի, ուղղակի ուժ է պետք պայքարի համար»,-վրա բերեց երրորդը:
«Էս երկրում հացադուլը պայքարի միջոց չէ»,-նկատեց մի տղամարդ:
«Հացադուլը համազգային է լինելու: Ես էլ եմ պատրաստ»,-ասաց տղամարդկանցից մեկը:
Մեկ ուրիշն էլ կարծիք հայտնեց, որ հացադուլի փոխարեն պետք է ստորագրհավաք սկսել ու հարցի քննարկումը Եվրոդատարան հասցնել:
Բոլոր կարծիքներին կարող եք ծանոթանալ տեսանյութում: