Վազգեն Սաֆարյան. Սերժ Սարգսյանը պետք է կտրուկ փոփոխություններ կատարի տնտեսական քաղաքականության մեջ
«Հետընտրական կրքերը չեն հանդարտվում և այն մարդիկ, ովքեր ձայն են տվել ընդդիմության թեկնածուին, տարիներ շարունակ մնում են իրենց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումներին սպասողական վիճակում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքերով՝ իրավիճակն այնպիսին է, որ ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանը պետք է կտրուկ փոփոխություններ կատարի տնտեսական քաղաքականության մեջ, այլապես այս վիճակը երկար հանդուրժել հնարավոր չէ, քանի որ հասարակությունը պետք է գնա սոցիալական համերաշխության ճանապարհով:
«Ամեն անգամ ընտրությունները չպետք է բևեռանցնեն մեր ժողովրդին՝ ընդդիմադիր և դիմադիր հատվածների, այդ տարբերությունն էլ հիմնականում սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ է»,- նշեց Վ.Սաֆարյանը:
Նրա խոսքերով՝ խնդիրները հիմնականում վերաբերում են գործազրկությանը, արտագաղթին, սոցիալական արդարությանը, որոնք հաղթահարելու համար, ըստ նրա, նոր կառավարությունը պետք է նոր ռազմավարություն մշակի: Վ.Սաֆարյանը նշեց, որ այս կառավարությունն իր գործունեության ընթացքում կարողացել է մի քանի արմատական փոփոխություններ իրականացնել, դրանք վերաբերում են արդյունաբերական քաղաքականության ռազմավարության և արտահանման խթանման քաղաքականության ընդունմանը, արտահանմանը նպաստող քաղաքականությանը և այլն: Վ.Սաֆարյանի գնահատմամբ, սրանք դրական ձեռքբերումներ են, սակայն դրանք պետք է զարգացնել և նոր մոտեցումներ ունենալ, քանի որ այս մոտեցումները չեն կարող արդարացնել այն սպասելիքները, որն ունի ընդդիմադիր ընտրազանգվածը:
Վ.Սաֆարյանի կարծիքով՝ պետք է մշակվեն միջնաժամկետ ծրագրեր: Մասնավորապես, արդյունաբերության զարգացման համար պետք է ընդունվի նոր օրենք, պետք է կառուցվածքային փոփոխություններ կատարվեն կառավարությունում, այդ թվում՝ պետք է ստեղծվի արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն, իսկ գյուղատնտեսության նախարարությունը վերաձևակերպվի գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության նախարարության:
Բացի այդ, Վ.Սաֆարյանի խոսքերով, անհրաժեշտ է հարկաբյուջետային, ֆինանսաբյուջետային խնդիրներին ուշադրություն դարձնել: Ինչ վերաբերում է տարադրամի քաղաքականությանը, ապա նա գտնում է, որ առաջիկա հինգ տարիներին մեկ դոլարը պետք է հասցնել 500 դրամի, որ էապես կխթանի արտահանումը:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը գտնում է, որ փոխվարչապետին վերագրված լիազորությունները պետք է վերանայվեն և արդյունաբերական ոլորտի նախարարությունները գտնվեն փոխվարչապետի վերահսկողության ներքո, որը կզբաղվի տնտեսության հիմնական ճյուղի գործառույթների կարգավորմամբ:
Հարցին, թե վարչապետի փոփոխությունն անհրաժեշտ համարում է, Վ.Սաֆարյանը նշեց, որ առաջին հերթին քաղաքականությունը պետք է փոխվի: «Եթե մնա այն առաջնահերթությունները, որոնցով մինչ այժմ ընթացել ենք, ապա ում էլ դնեն վարչապետ՝ նույն բաները պետք է անի: Դրա համար անհրաժեշտ է տնտեսական քաղաքականությունը փոխել, որպեսզի նոր վարչապետը կարողանա այդ քաղաքականության իրականացնողը դառնա»,- ասաց նա՝ հավելելով, որ իր ցանկությունն է, որպեսզի նոր կառավարությունը ոչ թե կուսակցականացված լինի, այլ մասնագետներից կազմված լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա