Ր. Հովհաննիսյանի հացադուլը կրքերը շիկացնելու փորձ է
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին` «Голос Армении»-ն նկատում է, որ Ր. Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը պետք է ինքնաբացարկ հայտարարի, այլապես ստիպված կլինի իր երդմնակալության արարողությունը կատարել իր դիակի վրայով, ոչ այլ ինչ է, քան հասարակ սադրանք:
Ըստ թերթի` եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իսկապես պայքարում է արդարության համար, ապա պետք է հասկանա, որ շանտաժի միջոցով արդար պետություն հնարավոր չէ կառուցել: Կայացած նախագահական ընտրություններն, իսկապես, դրականորեն տարբերվում էին նախորդներից: «ГА»-ն նկատում է, որ այս ընտրությունները ոչ միայն հատկանշական էին թեկնածուներին քարոզարշավի համար տրամադրվող հավասար պայմաններով, այլև հետընտրական զարգացումներով. իշխանությունները ոչ միայն որևէ կերպ չեն խոչընդոտում ընդդիմության հանրահավաքները թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, այլև արտոնագրում են հանրահավաքները:
Ըստ թերթի` Ր. Հովհաննիսյանը նախընտրել է գնալ կրքերի արհեստական շիկացման ճանապարհով: «Հացադուլի կարող է դիմել միայն այն քաղաքական գործիչը, որը հայտնի չէ հանրությանը և այդպիսով ցանկանում է ուշադրություն գրավել, սակայն Ր. Հովհաննիսյանն այդպիսին չէ: Հացադուլի հայտարարման մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ իշխանությունները արգելափակում են պայքարի մյուս ձևերը` հանրահավաքներ, հանդիպումներ քաղաքացիների հետ, ակցիաներ, սակայն այս խնդիրը Ր. Հովհաննիսյանի դեպքում նույնպես բացակայում է: Այսինքն` հացադուլը ոչ այլ ինչ է, քան իրավիճակն արհեստականորեն սրելու փորձ»,-գրում է «ГА»-ն: