Մեծ գիտնական Միքայել Մինասյան… «Ամբողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնաց իր որդեգրած գաղափարներին». հիշում են ընկերները
Համեստ, գործունյա, ինտելեկտով հարուստ, ուրիշի հոգսը իր վրա վերցնող, իսկական կազմակերպիչ, մեծ հայրենասեր … Այս բոլոր որակումները վերաբերվում են մեկ մարդու` Միքայել Մկրտչի Մինասյանին: Նրա ընկերները ցավով են խոսում մեծ գիտնականի մասին, բայց միաժամանակ հպարտ են, որ Միքայել Մինասյանին ճանաչել են անձամբ, եղել ընկերներ, միասին նստել մի սեղանի շուրջ ու բնության գրկում լավ ժամանակ անցկացրել:
Հիշեցնենք, որ նախօրեին, ութսունվեց տարեկան հասակում մահացել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մկրտչի Մինասյանը:
«Միքայելը վառ անձնավորություն էր: Նա և սովետական իշխանության տարիներին, և հետսովետական տարիներին իր լուրջ դերակատարությունն է ունեցել երկրի, և հատկապես մայրաքաղաքի կայացման գործում: 10 տարուց ավելի նա ղեկավարել է Երևանի գիտության և կրթության խոշոր կենտրոններից մեկը` 26 կոմիսարների անվան շրջանը: Նրա աշխատած տարիներին այդ շրջանը բավականին լայն թափով սկսեց առաջ շարժվել թե արդյունաբերության գծով, թե կուլտուրայի, թե գիտության»,-ընկերոջ, բարեկամի ծավալած գործունեության մասին խոսելիս, հպարտությամբ նշեց 1980-85 թթ. Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, «Շիրակ» միջազգային միության նախագահ Մուրադ Մուրադյանը:
Հասարակական-քաղաքական գործիչ, 1978-89 թթ. ՀԽՍՀ ավտոտրանսպորտի նախարար, Հայրենական պատերազմի մասնակից Խաժակ Դրամփյանն էլ նշեց, որ կուսակցական գործչի, հմուտ կազմակերպչի հատկանիշները լավագույն ձևով դրսևորվեցին Միքայել Մինասյանի մոտ, երբ նա գլխավորեց մայրաքաղաքի գիտական և արդյունաբերական կենտրոն հանդիսացող 26 կոմիսարների անվան շրջանը. «Իր գործունեության ընթացքում մեծ ներդրում է ունեցել էկոնոմիկայի, գիտության, կրթության, մշակույթի բնագավառում: Մեծ է Մինասյանի ծառայությունը հայրենիքի, հայ ժողովրդի զարգացման ու կայացման գործում»:
1977-1978թթ. ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի պրոպագանդայի բաժնի վարիչ,
փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Հյուսիսային համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Գրիգոր Ասատրյանը հիշեց, որ Մ. Մինասյանը հայրենասիրական պաթոսով էր մասնակցում հարցերի քննարկմանը, օգնում էր իր առաջարկություններով, խորհուրդներով, փորձով, որպեսզի ընդունվեին ճիշտ ու իրատեսական որոշումներ, որոնք կծառայեին մեր հանրապետության ու մայրաքաղաքի առաջընթացին:
Մ. Մուրադյանի բնորոշմամբ, նա բնավորությամբ շատ անհանգիստ մարդ էր, ուներ քաղաքացիական մեծ համարձակություն` ընդդիմանալու այն խնդիրները չլուծողների դեմ, որոնք խափանում էին իրեն մտահղացումները կատարելու գործում: «Մեր հանդիպումներ հաճախակի էին, որոնք կրում էին բացի ընկերական հարաբերություններից, զուտ գործնական հարաբերություններ: Չի պատահել դեպք, որ նա լիներ քաղաքային սովետում` ինչ-որ մի վերացական հարցով, կոնկրետ խնդիրներ էր դնում և բավականին խստապահանջ ձևով, հիմնավորված ձևով պահանջում էր, որ այդ խնդիրներին տանք համապատասխան լուծում»,- հիշում է Երևանի նախկին քաղաքապետ Մ. Մուրադյանը, նշում, որ Մ. Մինասյանը մտահոգված էր խեղված ճակատագիր ունեցած մարդկանց հարցերով:
«Բազմաթիվ դեպքեր կան, որ մտել է քաղաքային խորհուրդ ոչ թե անձնական հարցերը լուծելու, այլ իրեն դիմած քաղաքացիների խնդիրները լուծելու համար: Ամեն մեկի մենաշնորհը չէ ուրիշի հոգսը իր վզին փաթաթել: Ինքը ուրիշի հոգսը վերցնում էր իր ուսերի վրա ու ի պատիվ իրեն կարողանում էր այդ խնդիրները հասցնել լուծման»,- նշեց նա:
Գ. Ասատրյանն էլ ասաց, որ նա հմտորեն տիրապետում էր մարդկանց հետ, մարդկանց համար աշխատելու, նրանց համախմբելու և նրանց հավաքական ուժն ու եռանդը մեծ գործերի նպատակամղելու արվեստին:
«Լինելով լայնախոհ գործիչ ու մտածող, գիտեր, որ հեղինակությունն ու հարգանքը, անունն ու պատիվը չեն գալիս ցուցադրական փայլով, չեն գալիս փողերի ու թմբուկների ձայների ներքո, այլ նվաճվում են դժվարին ու ազնիվ աշխատանքով, ակտիվ ու ազգանպաստ գործունեությամբ: Նա իր ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում հավատարիմ մնաց իր սկզբունքներին, որդեգրած գաղափարներին, իր դավանանքին, իր կենսական կրեդոյին` ծառայեց մարդկանց, ժողովրդին ու հայրենիքին: Թողեց լավ անուն ու հիշատակ, լավ գործեր, լավ սերունդ դաստիարակեց` որդի, թոռ, որոնք արժանապատիվ կերպով կշարունակեն նրա թողած գործերը»,- ասաց Գ. Ասատրյանը:
Խաժակ Դրամփյանը հիշում է, որ իրենք շատ են ճաշել կենտկոմի շենքի ճաշարանում, ամռան ամիսներին շատ են գնացել քաղաքից դուրս. «Ամռան ամիսներին շատ հաճախ դուրս էինք գալիս բնության գիրկ: Այդ հարցերում էլ նա բավականին լավ դերակատարություն ուներ, ակտիվ էր»:
Միքայել Մինասյանի երեք ընկերներն էլ բավականին դժվարությամբ էին խոսում նրա մասին` հուզված լինելու պատճառով, քանի որ կորցրել են նրանց իսկ խոսքերով` «լավ ընկեր, «լավ հայ, լավ գիտնական», ում ծավալած գործունեությունը, նրանց համոզմամբ, պետք է ուղեցույց լինի, ում կերպարը պետք է մշտապես վառ մնա:
Նախորդող նորություն` Մահացել է անվանի գիտնական Միքայել Մինասյանը