ԿԸՀ-ն կարծում է, որ Հովհաննիսյանի դիմումը ենթակա է մերժման
Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի մեջ ներկայացված են հիմնազուրկ դատողություններ: Այդ մասին այսօր Սահմանադրական դատարանում թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննության ժամանակ իր ելույթում հայտարարեց պատասխանող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով, Հովհաննիսյանի դիմումի մեջ օրենքներին վկայակոչումներն արված են ընտրանքային եղանակով, իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցից էլ «ծաղկաքաղ» է արված:
Ներկայացնելով տվյալներ, Մուկուչյանն ասաց, որ ընդհանուր առմամբ ընտրությունների օրը գործող 1988 ընտրատեղամասերից միայն 1884-ում է «Ժառանգություն» կուսակցությունը վստահված անձինք ունեցել: Նա տեղեկացրեց, որ մինչև ընտրությունների արդյունքների հրապարակումը այդ կուսակցության ու Հովհաննիսյանի վստահված անձանց կողմից որևէ դիմում-բողոք չի ստացել:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը լրացնելով Տիգրան Մուկուչյանին իր ելույթում ասաց, որ ընտրական հանձնաժողովներն անկախ են և գործում են Հայաստանի սահմանադրությանը համապատասխան: «Դիմումում վկայակոչված նորմերը, կարծում ենք, պարզապես նպատակ ունեն ծավալ հաղորդել դրան: Ոչ մի տեղամասի արդյունքի վրա կասկած չի հարուցվել առանձին վերցված: ԿԸՀ-ն ու ԸԸՀ-ները գործել են Հայաստանի օրենսդրության համապատասխան և դիմումները ենթակա են մերժման», -հայտարարեց Սմբատյանը:
Նախագահի ընտրությունների արդյունքները անվավեր համարելու մասին նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը ՍԴ-ում այս պահին շարունակվում է: Այժմ ՍԴ անդամները պատասխանող կողմի ելույթից հետո հարցեր են ուղղում Տիգրան Մուկուչյանին: