Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն` անվճար
Հայաստանում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության և սպասարկման հասանելիության ապահովման, ծնելիության խթանման և ժողովրդագրական իրավիճակի բարելավման անհրաժեշտությամբ է պայմանավորված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որն այսօր քննարկվել է ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրենքի նախագծի հիմնական լրացումները վերաբերում են այն գաղափարին, որ կինն իրավունք ունի անվճար կամ արտոնյալ պայմաններով ստանալու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում: Մեկ այլ լրացմամբ էլ` անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը:
Նիստում նշվել է, որ նախագծի ընդունումը կնպաստի սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության և սպասարկման հասանելիության ավելացմանը, որն իր հերթին կնպաստի Հայաստանում ծնելիության մակարդակի բարձրացմանը, ընտանիքների պահպանմանը և ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, ինչպես նաև հնարավորություն կտա ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքների զույգերին (ընտանիքի անապահովության 30 և ավելի միավորի դեպքում), ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, առնվազն մեկ անգամ անվճար օգտվելու նշված ծառայությունների ամբողջական փաթեթից: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենքի նախագիծը ընդգրկվեց երկուշաբթի մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու